Դեկտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Մարտունու և Վարդենիսի բաժինների ծառայողները, օպերատիվ տվյալներ իրացնելով, որսագողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մարտունու բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու, գրում է shamshyan.com-ը։

Մարտունու ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գեղարքունիքի մարզի բնակիչները՝ 34-ամյա Մասիս Պ.-ն և 31-ամյա Ոսկան Պ.-ն, Արծվանիստ գյուղի վարչական տարածքում՝ «Կարմիր ավազ» կոչվող տարածքում զբաղվում են ապօրինի ձկնորսությամբ և պետք էր օպերատիվ ու գրագետ գործեին, որպեսզի կարողանային հենց դեպքի վայրում բռնել նրանց, ինչպես իրավապահ համակարգում է ասվում՝ «իրեղենով»:

Ոստիկանները, ժամանակին հասնելով նշված վայր, հայտնաբերել են նրանց, ինչպես նաև ձկնորսական մոտորանավակը, որի մեջ հայտնաբերվել է 69 հատ «սիգ» և 1 հատ «իշխան» տեսակի՝ 27 կգ ընդհանուր քաշով ձկներ:

Հայտնաբերվել է նաև Ոսկան Պ.-ին պատկանող ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենան: Վերջիններս բերման են ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին, կատարվածի մասին բացատրություններ են տվել և բաց են թողնվել:

Մասիս և Ոսկան Պ.-երը հարազատ եղբայրներ են և ոստիկանությունում հայտնել են, որ նշված ձկները որսացել են «Կարմիր ավազ» կոչվող տարածքից՝ ձկնորսական ցանցերով և այն օգտագործեու էին որպես սնունդ:

Աղբյուրը նաև հայտնում է, որ Գեղարքունիքի մարզային վարչության պետի կողմից հրահանգվել է մարզի տարածքային բաժինների, համայնքային ոստիկանության բաժանմունքների տեսուչներին, որպեսզի նրանք բնակչության հետ հանդիպումներ ունենան ու հայտնեն, որ այս օրերին որսը, այդ թվում՝ Սևանա լճում, արգելված է: