Պաշտոնեական լիազորություններն անցնելու, մասնավորապես, խոշտանգումների և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության 2 օպերլիազորի դեմ գործով այսօրվա դատական նիստը տեղի չունեցավ:

Ամբաստանյալներից մեկը՝ Արտակ Բարսեղյանը նախ միջնորդեց հետաձգել դատական նիստը, որովհետև ցանկանում է, որ իր շահերը պաշտպանի ևս մեկ պաշտպան՝ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը: Երկու ամբաստանյալներին պաշտպանում է փաստաբան Արայիկ Ալվանդյանը: Սակայն Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, գտավ, որ մեկ պաշտպանի առկայության պարագայում ևս մեկ պաշտպանի ներգրավելը չի կարող հիմք լինել դատական նիստի հետաձգման համար: Ամբաստանյալը մեկ այլ, պահեստային միջնորդությամբ հանդես եկավ՝ հայտարարեց, որ հրաժարվում է իր պաշտպան Ա.Ալվանդյանի ծառայություններից և պնդեց փաստաբան Լ.Սիմոնյանին որպես իր պաշտպան ներգրավելու համար դատական նիստը հետաձգելու միջնորդությունը:

Ապրիլի 18-ի դատական նիստում կհարցաքննվեն գործով վկաները՝ նրանցից երկուսը ներկայացել էին այսօրվա նիստին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ ոստիկանության Երևանի վարչության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանը և Արտակ Բարսեղյանը «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ և 30-րդ հոդվածներով սահմանված ֆիզիկական ուժ կիրառելու հիմքերի բացակայության պայմաններում հարձակվել են գողություններ կատարելու համար նախկինում դատապարտված Ռոբերտ Հովսեփյանի վրա, բռնության գործադրմամբ պառկեցրել գետնին, ձեռնաշղթայով կապել ձեռքերը և նստեցնելով ավտոմեքենան՝ բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին։

Առանց արձանագրություն կազմելու և ոստիկանության բաժին բերման ենթարկված անձանց հաշվառման գրքում գրանցելու՝ Ռոբերտ Հովսեփյանին և նրա հետ բերման ենթարկված անձանց տարել են առանձին աշխատասենյակներ՝ համապատասխան օպերատիվ աշխատանք իրականացնելու նպատակով։ Ռոբերտ Հովսեփյանի հետ օպերատիվ զրույց են ունեցել օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանը և Արտակ Բարսեղյանը, հայտնել են իրենց ունեցած կասկածների մասին և Ռոբերտ Հովսեփյանից պահանջել են խոստովանել չբացահայտված գողությունների դեպքերը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ օպերատիվ զրույցի ընթացքում, երբ Ռոբերտ Հովսեփյանը հայտարարել է, որ գողություններ չի կատարել և գողություններից տեղեկություններ չունի, Խաչիկ Բախբուդարյանը, Արտակ Բարսեղյանը և քննությամբ չպարզված ոստիկանության երկու աշխատակիցներ, ակնհայտորեն դուրս գալով իրենց պաշտոնեական լիազորությունների շրջանակից, Ռոբերտ Հովսեփյանին ապօրինի պահել են աշխատասենյակում, ձեռնաշղթայով կապել ձեռքերը ու ծեծի ենթարկել՝ ոտքերով, ձեռքերով, մահակով հարվածելով դեմքին և մարմնին, ստիպել խոստովանել նախկինում արձանագրված և չբացահայտված գողությունների մեջ նրա մասնակցությունը։

Ծեծի ժամանակ Խաչիկ Բախբուդարյանը ձեռքերի ափերով հարվածել է Ռոբերտ Հովսեփյանի ականջներին, ինչի հետևանքով տեղի է ունեցել ձախ ականջի թմբկաթաղանթի տրավմատիկ թափածակում։ Գործադրված բռնության հետևանքով Ռոբերտ Հովսեփյանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով։

Ռոբերտ Հովսեփյանը, չդիմանալով գործադրված բռնությանը, պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքին ու հոգեբանական ճնշումներին, խոստովանել է, թե ինքն է կատարել հիշյալ չբացահայտված գողությունները։ Դրանից հետո Խաչիկ Բախբուդարյանը և Արտակ Բարսեղյանը, կատարելով պաշտոնեական կեղծիք, կազմել են ակնհայտ կեղծ արձանագրություն՝ իբրև Ռոբերտ Հովսեփյանին ոստիկանության բաժին բերման են ենթարկել 2012 թվականի հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15-ին, և գրանցել բերման ենթարկված անձանց հաշվառման գրքում։

Նկարագրված արարքի համար ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Խաչիկ Բախբուդարյանին և Արտակ Բարսեղյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բռնության զուգորդմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելը, և 314-րդ հոդվածով՝ պաշտոնեական կեղծիք, իսկ քննությամբ չպարզված ոստիկանության առանձին աշխատակիցների կողմից պաշտոնեական կեղծիքի և պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ։