Այլևս չկան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտող պատճառներ, լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը։

Նրա խոսքերով' Հայաստանը Թուրքիայի հարեւանն է, եւ թուրքական կողմը ցանկանում է բացել սահմանները եւ սկսել դիվանագիտական հարաբերություններ։

«Դրա համար անհրաժեշտ է պահպանել մի շարք պայմաններ, քննարկել որոշ հարցեր։ Հատուկ ներկայացուցիչների գործունեությունը կապված է այս հարցերի լուծման հետ»,- նշել է նա՝ հավելելով, որ Հայաստանի և Ադրբեջանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումն օգուտ կտա ողջ տարածաշրջանին:

Քալինը համոզված է, թե «դա ամենից շատ պետք է Հայաստանին»։ «Սա առաջին հերթին համապատասխանում է Հայաստանի շահերին՝ փոքր ու աղքատ երկրի՝ դեպի ծով ելք չունեցող և փոքրաթիվ բնակչությամբ։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապերի հաստատումը օգուտ կբերի հատկապես հայ ժողովրդին»,- ասել է Էրդողանի մամուլի քարտուղարը։

Նրա խոսքով' «Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը նշանակում է կապերի ստեղծում»:

«Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կբերի զարգացման շատ ոլորտներում' սահմանային առևտրից, սահմանների անվտանգությունից մինչև Turkish Airlines-ի թռիչքները: Սա ի շահ Հայաստանի, հայ ժողովրդի է»,- ասել է Քալինը:

Նա նաև հայտարարել է, թե հայկական Սփյուռքը պետք է կշռադատված վերաբերվի Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսությանը, այդ թվում՝ չշահարկելով 1915-ի «մտացածին ցեղասպանության» թեման։

«Որոշ իրադարձություններ «ցեղասպանություն» անվանելը ոչ մեկին օգուտ չի տալիս։ Հարավային Կովկասում նոր էջ է բացվել, և Սփյուռքը պետք է գիտակցի դա»,- ասել է նա։