Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտնել է, որ այսօրվանից գլխավորում է հանրապետության Անվտանգության խորհուրդը։

Նման որոշման մասին պետության ղեկավարը հայտարարել է 24 ժամվա ընթացքում ժողովրդին ուղղված իր երկրորդ ուղերձում՝ ողջ երկրում ծավալվող անկարգությունների ֆոնին։ Ավելի վաղ Անվտանգության խորհրդի նախագահը Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն էր։

Երկրի ղեկավարն ասել է, որ առերեսումների արդյունքում՝ սպանվել և վիրավորվել են իրավապահներ, ուստի իշխանությունները այսուհետ կգործեն հնարավորինս կոշտ օրինախախտների նկատմամբ։

Տոկաևն ընդգծել է, որ մնում է ժողովրդի կողքին և խոստացել է մոտ ապագայում նոր առաջարկներով հանդես գալ ստեղծված իրավիճակի կարգավորման համար։

«Ինչ էլ լինի, ես մայրաքաղաքում եմ լինելու»,- ասել է նա։

Նախագահը հավելել է, որ ինքը մնում է հետևողական բարեփոխումների նույն դիրքորոշմանը և վստահություն է հայտնել, որ ժողովուրդը կաջակցի իրեն։