Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանն ուղերձ է հղել Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ։

«Սիրելի՛ հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ։

Այս տոնը, լինելով տարվա մեջ առաջինը մեր Ազգային եկեղեցու տոներից, հնարավորություն է տալիս նորովի սկսելու տարին և շտկելու նախորդ տարիներին գործած սխալները։

Թո՛ղ մանուկ Հիսուսի ծնունդը լինի մեր սրտերում, որպեսզի չմոռանանք մեզ հասած պատգամներն ու ազգ-եկեղեցի միասնությամբ կերտենք բաղձալի, ապահով երկիր։

Անշուշտ, չեն մոռացվի մեր ապրած ցավն ու աղետները, սակայն հավատքով առ Աստված և ազգանվեր գործով կարող ենք մեր նահատակ քաջորդիների արդար գործի արժանի շարունակողները լինել։

Ինչպես Քրիստոս, ծնվելով որպես մարդ և լուսավորելով աշխարհը, ցույց տվեց մարդկության ճանապարհը, նույնպես և մենք վերածնվենք մեր կողմից այդքան էլ չարժևորված ազգային պատկանելության գաղափարում՝ լինելով քաջ ու նախանձախնդիր։

Ամուր հավատք, բազկի զորություն և կամքի ուժ բոլորիս, որպեսզի Աստծո օրհնությամբ կարողանանք հաղթահարել մեր առջև ծառացած հիմնախնդիրները, քանզի եթե Աստված մեզ հետ է, և մեր գործն արդար՝ ո՞վ կարող է մեզ հակառակ լինել։

Շնորհավո՛ր Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն։

Քրիստոս ծնավ և հայտնեցավ,

Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի,

Մեզ և ձեզ մեծ Ավետիս»,- նշված է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի ուղերձում։