Այսօր՝ հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 01:50–ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գարեգին Նժդեհ փողոցի 7 հասցեում գործող «006» փոստային բաժանմունք գող է մտել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը պարեկներ Վարդան Միրզոյանը, Սերգեյ Հարությունյանն ու Հարություն Ադամյանը, նկատելով կասկածյալին, հրահանգել են, որպեսզի նա կանգնի, սակայն նա, մտնելով շենքի մուտքերից մեկը, դիմել է փախուստի:

Պարեկները, մոտ 500 մետր հետապնդելով նրան, կարողացել են վնասազերծել: Նրա ձեռքերը վնասված են եղել ու մինչ ոստիկանության Շենգավիթի բաժին նրան բերման կենթարկեին, պարեկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, որից հետո ժամանած բժիշկների հերթապահ խումբն է օգնություն ցուցաբերել:

Պարզվել է որ Երևանի բնակիչ, 38-ամյա Խորեն Մ.-ն ձեռքերով կոտրել է Հայփոստի մուտքի դռան ապակին, մտել ներս և դրամարկղից հափշտակել է գումար:

Կասկածյալ Խորեն Մ.-ն հետաքննիչի որոշմամբ ձերբակալվել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին:

Փոստի տեսախցիկներն էլ արձանագրել են ինչպես է տեղի ունեցել գողությունը»,-գրել է ֆոտոլրագրողը։