Վաղարշակ Հարությունյանը ստորագրել է փաստաթուղթ այն մասին, ինչի մասին պարոն Մանուկյանն արդեն որերորդ անգամ խոսում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՊՆ փոխնարարար Արման Սարգսյանը։ Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանն ու Գեղամ Մանուկյանը դեռ 2021-ի տարեվերջին տրված ասուլիսում հայտարարել էին, որ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն են ստորագրել հայկական զորքերը Սյունիքից հետ քաշելու փաստաթուղթը։ Նա նաև հիշեցրեց, որ իր այդ հայտարարությունից հետո Գագիկ Մելքոնյանն ասել էր, որ երևի ռուսներից կամ ադրբեջանցիներից է ինքն ստացել այդ փաստաթուղթը։ 


2021 թվականի հոկտեմբերին, երբ արդեն մամուլում լայնորեն քննարկվում էր տարածվող փաստաթուղթը, Փաշինյանը հայտարարեց, որ Սյունիքից զորքերի հետ քաշման հրամանը անձամբ ինքն է տվել:

 
 

 

 

ՊՆ-ն ոչ հաստատում, ոչ հերքում էր նման փաստաթղթի առկայությունը:

2021 թվականի դեկտեմբերին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում  ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ նախորդ տարվա դեկտեմբերին ՌԴ եւ ՀՀ պաշտպանության նախարարների միջեւ ստորագրված փաստաթուղթը չի վերաբերել Սյունիքի ուղղությամբ ՀՀ զորքերը մի քանի կիլոմետր հետ քաշելու որոշումներին։

Այնուհետև Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հայտարարում է, որ Սյունիքում հայկական զորքերի հետ քաշվելու հրաման որևէ մեկը չի տվել, ուղղակի հայկական զորքերին հետ են ուղարկել Խորհրդային միության ժամանակ զբաղեցրած դիրքերը։ Իսկ հետ ուղարկողները՝ ռուսներն էին:

 

Ինչպես տեսնում ենք, ՀՀ պաշտոնական դեմքերը միմյանց հակասող և խուսանավող հայտարարություններով են հանդես եկել և եթե բառացի էլ չեն հերքել փաստաթղթի առկայությունը, ապա ամեն ջանք գործադրել են հանրությանը մոլորեցնելու և իրականությունը թաքցնելու նպատակով...