Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանն այսօր՝ հունվարի 12-ին, հրավիրվել է Ոստիկանություն՝ ծանր վիրավորանքի հոդվածով հարուցված քրեական գործով։

Նա կասկածյալի կարգավիճակ է ստացել։ Ադիբեկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Նա նաեւ հրաժարվել է ցուցմունք տալ։

«Սա արդեն տեւական ժամանակ դարձել է Հայաստանում խոսքի ազատության, բողոքելու ազատության ճնշման մի գործիք։ Զավեշտն այն է, որ քրեական պատասխանատվությունը վերացնելը վիրավորանքի, զրպարտության համար դեռ 2000-ականներին եղել է Հայաստանի՝ Եվրոպայի խորհրդին անդամակցելու պայման, հիմա, փաստորեն, այն մարդիկ, որոնք այդ պայմանը դրել են, այս նոր իշխանությունները դա վերականգնում են եւ որեւէ արձագանք, հատկապես արեւմտյան շրջանակներից, չկա։ Ի՞նչ գին է վճարում ներկայիս իշխանությունն իր քաղաքական հակառակորդների դեմ պայքարելու այս գործիքը պահպանելու համար»,- լրագրողների հետ զրույցում նշեց նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Ըստ նրա՝ հարյուրավոր մարդիկ կան, որոնք հանրային դեմքեր չեն՝ իրենց ցասումն ու զայրույթն են արտահայտում երկրում տեղի ունեցող դեպքերի առնչությամբ. «Հարյուրավոր մարդկանց են կանչում, պատասխանատվության ենթարկում»։

Արմինե Ադիբեկյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ ինքը ցիտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իր գրքում օգտագործված բառամթերքը. «Ես պարզապես ուզում եմ նշել, որ մարդիկ, որոնք անպատվությունն են բերել մեր գլխին եւ շարունակում են անպատիվ քայլեր կիրառել հայ ժողովրդի եւ հայոց պետականության դեմ, զոռբայությամբ եւ ապօրինի փորձում են իրենց արժանապատվությունը հաստատել, ապա ես կցանկանամ հայտնել՝ պարոնայք, արժանապատվությունը ձեռք է բերվում պատշաճ աշխատանքով, այլ ոչ թե ինձ ու իմ կոլեգաներին քաղմաս բերելով։ Նրանք չեն կարողանալու ինձ եւ իմ նմաններին լռեցնել։ Ոչ մի հոդված չի կարող ինձ զրկել իմ զայրույթը արտահայտելու իրավունքից»։