Անգլիացի տղամարդը կնոջը ոստիկանությանն է հանձնել այն բանից հետո, երբ լսել է, թե ինչպես է նա քնած ժամանակ խոսում իր գործած հանցագործության մասին, հայտնում է LADBible-ը։ Պարզվել է, որ կինը հաշմանդամից 7200 ֆունտ է գողացել։

Կնոջ ամուսնու՝ Էնթոնիի խոսքերով, իր մոտ կասկածներ են առաջացրել, երբ իր կինը՝ Ռութը, հազարավոր դոլարներ էր ծախսում Մեքսիկայում հանգստանալու ժամանակ։

«Նա շատ է ծախսել։ Երբ սկսեցի հարցնել, թե որտեղից է գումարը, նա ասաց, որ հարազատներն են իրեն տվել»,- բացատրել է տղամարդը։

Շուտով Էնթոնին արթնացել և լսել է, թե ինչպես է Ռութը խոսում քնի մեջ։ Կինը փողի մասին ինչ-որ բան էր մրմնջում, և այդ պահին տղամարդը նկատել է, որ հատակին դրամապանակ կա, որտեղից թղթադրամներ են թափված։

«Ես վեր կացա, որ դրանք դնեմ տեղը և տեսա ուրիշի դեբետային քարտը նրա դրամապանակում», - հիշում է նա:

Հաջորդ օրը Էնթոնին խնդրել է կնոջը հավաքել իրերն ու հեռանալ տնից՝ կնոջ արարքի մասին հաղորդելով ոստիկանությանը։ Ռութին ձերբակալել են և դատապարտել 16 ամսվա պայմանական ազատազրկման։

Պարզվում է, որ նա դեբետային քարտ է գողացել անվասայլակով մի կնոջից, որին պետք է խնամեր ծերանոցում:

«Ես շատ էի սիրում Ռութին, բայց չէի կարող անտեսել նրա արածը։ Ինձ մոտ զզվանք էր առաջացնում այն, որ նա գողացել է հիվանդ մարդուց », - հավելել Էնթոնին, ով նրա հետ ամուսնացած էր 10 տարի: