Այսօր ԱԺ ամբիոնից պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ ընդդիմադիր երեսփոխանների հայտարարություններում որոշակի հստակություն է պետք մտցնել: Թունյանը նշեց, որ ոչ թե արտաքին պարտքն է հատել 10 միլիարդի շեմը, այլ պետական պարտքը: Իրականում Բաբկեն Թունյանը ճիշտ է, քանի որ ՀՀ արտաքին պարտքը նախորդ տարվա դրությամբ 6 միլիարդ էր: Հայաստանի պետական պարտքի մեծ մասը արտաքին պարտքն է՝ միջազգային կազմակերպություններից ու օտարերկրյա պետություններից ստացված վարկերն ու փոխառությունները, արտարժութային պետական պարտատոմսերի թողարկումից ստացված գումարները։ Այս աճը մեծ մասամբ պայմանավորված է նախորդ տարվա հունվարին ներգրավված 750 մլն դոլար պարտքով։ Հունվարի 26-ին Հայաստանի կառավարությունը կապիտալի միջազգային շուկայում տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով, 3.875% եկամտաբերությամբ եվրապարտատոմսեր։ Իսկ ավելի պարզ ասած՝ 10 տարով 750 մլն դոլարի պարտք է վերցրել արտաքին աշխարհից։

Հայաստանի արտաքին պարտքը 2021 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 706.786 մլն դոլար' սեպտեմբերի համեմատ աճելով 41.218 մլն դոլարով։ Իսկ 2020 թվականի տարեվերջի համեմատ արտաքին պարտքը 2021-ի հոկտեմբերի վերջի դրությամբ աճել է 701․342 մլն դոլարով։ Արտաքին պարտքից 6 մլրդ 232.502 մլն դոլարը ՀՀ կառավարության պարտքն է։

Այսպիսով, այո, արտաքին պարտքը դեռևս, փառք Աստծո, հեռու է 10 միլիարդ դոլարի շեմից. սակայն, պետք է նաև նշել, որ պետական պարտքը աճել է հենց արտաքին պարտք ներգրավելու արդյունքում, և Բաբկեն Թունյանը' իբրև փորձառու տնտեսագետ, չէր կարող չիմանալ դա, պարզապես պատգամավորը ներկայացրել է իրականության մեկ այլ՝ իշխանություններին ավելի ձեռնտու կողմը, որը մեկ անգամ ևս նշենք՝ կեղծիք չէր, պարզապես ոչ ամբողջական ճշմարտությունն էր ներկայացված պատգամավորի կողմից: Իրականում այն, որ պետական պարտքը աճում է, Թունյանի ձախողումը չէ, այլ Նիկոլ Փաշինյանինն է, և պատգամավորն, իրականությունն այդպես ներկայացնելով, առավելագույնս կոծկում է վարչապետի այդ ձախողումը...