Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հրապարակեց ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար «Պատրոն Դավիթ» մականունով հայտնի Դավիթ Գալստյանի, ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Ավիացիոն սպառազինության պետ (լիազորությունները կասեցված են) Արտյոմ Համբարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։

Դատարանի որոշմամբ՝ միայն Արտյոմ Համբարյանն ազատ արձակվեց 5 մլն դրամ գրավի դիմաց: Մյուսները կշարունակեն մնալ կալանքի տակ։

Հիշեցնենք, որ պաշտպանները միջնորդել էին Դավիթ Տոնոյանին ազատ արձակել անձնական երաշխավորությամբ։ Նախկին նախարարի համար երաշխավորել էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Վիլեն Գաբրիելյանը և «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

Նշենք, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրվում են բանակին 4 միլիոն դոլարի անպիտան հրթիռներ գնելու գործով։ Ըստ ԱԱԾ-ի՝ նշված ռազմաթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով։ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է խոշոր չափերի յուրացում կատարելու մեջ։ Արտակ Դավթյանը՝ իշխանությունը չարաշահել ու կամ անգործության մեջ։ Ստեփան Գալստյանը նույնպես մեղադրվում է իշխանությունը չարաշահելու մեջ, որոնք էլ ծանր հետեւանքներ են առաջացրել։ Դավիթ Գալստյանը մեղադրվում է խարդախություն կատարելու մեջ։

Բարձրաստիճան նախկին պաշտոնյաներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում, համարում են այն շինծու քրեական գործ։