Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու Ռուսաստանի և նրա քաղաքացիների անվտանգությունն ու շահերը պատշաճ մակարդակով, լրագրողներին ասել է ՌԴ ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մեր պետության ղեկավարը, որպես գերագույն գլխավոր հրամանատար և որպես մեր երկրի արտաքին քաղաքականությունը որոշող անձ, ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու մեր անվտանգությունը և մեր շահերը»,- ասել է Պեսկովը։

«Մենք էինք, որ նախաձեռնեցինք բանակցությունները, խորհրդակցությունները Ռուսաստանի Դաշնության անվտանգության երաշխիքների վերաբերյալ, և մենք ակնկալում ենք, որ այս շաբաթ մենք կստանանք գրավոր պատասխաններ մեր առաջարկներին, որոնք նախատեսված են և կօգնեն մեզ հետագայում խուսափել նման լարված իրավիճակներից»,֊ավելացրել է Պեսկովը։ «Մենք կարդում ենք ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք բացարձակապես ոչ բարեկամական են և ուղղված են մեր դեմ: Սա այն իրականությունն է, որում մենք ապրում ենք»,- եզրափակել է Պեսկովը։

Միաժամանակ Պեսկովը չի մանրամասնել, թե արդյո՞ք Մոսկվան մտադիր է հրապարակել Արևմուտքի գրավոր պատասխանները անվտանգության երաշխիքների թեմայով իր առաջարկներին։ «Ես կնախընտրեի հիմա նման հիպոթետիկ քննարկումների մեջ չմտնել, եկեք չքննարկենք այն պատասխանը, որը դեռ չի ստացվել»,- ասել է ՌԴ ղեկավարի խոսնակը՝ անդրադառնալով Վաշինգտոնի հետ երկխոսությանը։

Նույնը, նրա խոսքով, վերաբերում է ՆԱՏՕ-ի պատասխանին։

«Այնուամենայնիվ, մենք նախընտրում ենք առաջինը ստանալ այն», - հավելել է Պեսկովը: