Շրջանառվող տեղեկությունների համաձայն` փետրվար ամսից Հայաստանում թանկանալու են ԱՊՊԱ ծառայությունների գները: Սա ևս մեկ հարված է առանց այդ էլ սոցիալական ծանր վիճակում գտնվող քաղաքացիներին, սակայն այս իրավիճակն իշխանություններին առանձնապես չի հուզում և նրանք, կարծես թե, չեն պատրաստվում հակազդող քայլեր ձեռնարկել:

Գաղտնիք չէ, որ ապահովագրական ոլորտը այն ոլորտն է, որտեղ սովորաբար պատահական մարդիկ չեն հայտնվում: Դրանց մեծ մասի հետևում կանգնած են նախկին պաշտոնյաներ, ովքեր որոշակի բաժնեմաս ունեն այս կամ այն խոշոր ապահովագրական ընկերությունում: Դիցուք՝ «Ինգո Արմենիա»-ի բաժնետոմսերի 25 տոկոսը պատկանում է առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանին: Նշենք, որ Ալթունյանի բիզնեսի վիճակը հեղափոխությունից հետո բնավ էլ չի վատթարացել: 2019 թվականին «Ինգո Արմենիա»-ի հետ ծառայությունների գնման պայմանագիր է կնքել առողջապահության նախարարությունը:  Նույն թվականին պայմանագիր է կնքել Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավարությունը: Բնապահպանության նախարարությունը գնումը կատարել է «Ինգո Արմենիա»-ից՝ վճարելով 839,000 ՀՀ դրամ: ԱԱԾ-ն շարժիչներով փոխադրամիջոցների ապահովագրման ծառայություններ է գնել «Ինգո Արմենիա»-ից՝ վճարելով 18,836,000 ՀՀ դրամ: Եվ սրանք ընդամենը մի քանի օրինակներ են:

Ակնհայտ է, որ եթե ԱՊՊԱ վճարները թանկանան, դրանից շահելու են առաջին հերթին հենց ընկերությունների սեփականատերերը, ում եկամուտը շեշտակի կաճի: Հետևաբար ստացվում է, որ նման որոշմամբ հարված է հասցվում շարքային հպարտ քաղաքացիների գրպանին, սակայն մի շարք նախկին պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերությունները միանշանակ ծաղկելու են...