ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը տաջիկական և ղրղզական կողմերին կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին։ Այս մասին ասված է ՀԱՊԿ-ի Telegram-յան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Ստանիսլավ Զասը հենց նոր հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Նասրուլո Մահմուդզոդայի և Ղրղզստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլովի հետ, որի ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել կողմերի միջև Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին:

«Սահմանին վերսկսված բախումները, որոնց հետևանքով կան վիրավորներ, լուրջ անհանգստություն են առաջացնում։ Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին զինված դիմակայությունը պետք է անհապաղ դադարեցվի։ Հակամարտությունը պետք է լուծվի բացառապես բանակցային սեղանի շուրջ՝ խաղաղ ճանապարհով։ ՀԱՊԿ-ը դրա համար պատրաստ է հակամարտության կարգավորման հարցում անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Ղրղզստանին և Տաջիկստանին: Վստահ եմ, որ ՀԱՊԿ անդամ երկու երկրների ղեկավարությունը փոխընդունելի ուղիներ կգտնի սահմանային այս բարդ խնդրի լուծման համար»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։