Երեկ՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 53-ամյա Միքայել Քոթանջյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Նոր Գեղի–Եղվարդ ավտոճանապարհի 11–րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 80 մետր բախվել է քարերին և հայտնվել անդունդում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ն. Քոթանջյանին մեծ դժվարությամբ այնտեղից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարները և օպերատիվորեն ժամանել է Եվարդի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: Վերջինս գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Տեղում ծառայություն է կատարել նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: