Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
 
Նրա խոսքով` Ադրբեջանի իշխանությունները թույլ են տվել հանդիպել բոլոր այն անձանց, ում գերեվարման փաստը պաշտոնապես հաստատված է եղել այդ երկրի իշխանաթյունների կողմից։ Նրանց թվում են ինչպես 2020–ի պատերազմի, այնպես էլ 2021թ–ի նոյեմբերին տեղի ունեցած հարձակման հետևանքով գերեվարվածները։

«Տեսակցությունների շրջանակում նաև հնարավորություն է տրվել կապի տարբեր միջոցներով հարազատների հետ կապ հաստատել»,– հայտնեց Ամատունին` մեկնաբանելով, որ խոսքը թե՛ նամակների փոխանակման, թե՛ տեսագրված ուղերձների ու նաև հեռախոսազանգերի մասին է։

Գերիների հարազատները ԿԽՄԿ–ի միջոցով նախապես Հայաստանից նամակներ ու տեսաուղերձներ են փոխանցել գերիներին, իսկ նրանք Ադրբեջանից պատասխան նամակներ ու տեսաուղերձներ բերել Հայաստան։
 
Հարցին, թե որ օրն է տեղի ունեցել հանդիպումը, ԿԽՄԿ ներկայացուցիչը չհստակեցրեց։
 
«Քանի որ դրանք առանձնազրույցներ են, հասկանալի է, որ խոսքը մեկ օրվա աշխատանքի մասին չէ, մի քանի օրերի ընթացքում է տեղի ունեցել։ Իսկ, քանի որ նման հանդիպումների պարբեականությունը ամսական է, մենք ուղղակի հունվար ենք նշում է` առանց օրը հստակեցնելու։ Հունվարը նշում ենք որպես հերթական ամիս, երբ մեզ հնարավորություն տրվեց հերթական հանդիպման»,– ասաց Ամատունին։
 
Հաջորդ նման հանդիպումը, ըստ հաստատված պարբերականության, կկայանա փետրվարի ընթացքում։
 
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: