Այսօր՝ հունվարի 30-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 01:20–ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ դանակի բազմաթիվ հարվածներից ստացած վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանները տեղում պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ, ազգությամբ վրացի, 35-ամյա Ումրի Շ.-ն է:
Ոստիկանները հվանդանոցից պարզել են նաև, որ նա տեղափոխվել է Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկի հարևանությամբ գործող ծաղկի սրահի մոտից:

Պարեկների օպերատիվ աշխատանքի արդյունքում դեպքի վայրից մոտ 30 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է գայլի գլխով, վրան արնանման հետքերով կոտրված դանակ, իսկ ծաղկի սրահի դիմաց հայտնաբերվել են արնանման հետքեր:

Տեղում քննչական բաժնի պետ Դ. Կիրակոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ ու մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը, ում մարնի վրա առկա է եղել դանակի մոտ 8 հարվածի հետք և մարմնի մեջ հայտնաբերվել է կոտրված դանակի սուր հատվածը՝ մահացել է:

Փաստի առթիվ Դ. Կիրակոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով: Սպանությունից ժամեր անց Երևանի Մյասնիկյան պողոտայում գործող «Գրին Փալաս» հյուրանոցային համալիրում ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, ով բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից էլ ներկայացվել է քննչական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ, 30-ամյա Ա. Հարությունյանն է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է:
Նա և սպանվածը միասին աշխատում էին ծաղկի սրահում: Քննիչ որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: