Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ աշխատանքային հերթական խորհրդակցությանը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում կարդիականացվի նաև «Էլեկտրատրանսպորտ» ընկերության շարժակազմը: Համայնքը նախատեսում է ձեռք բերել 10 նոր տրոլեյբուս: Քաղաքապետ Սարգսյանին զեկուցվել է, որ նոր շարժակազմի ձեռքբերման համար առաջիկայում կհայտարարվի մրցույթ:

Առաջիկա 10 օրերի ընթացքում ևս երկու՝ թիվ 28 և 35 երթուղիները կսկսեն սպասարկվել Zhong Tong մակնիշի նոր ավտոբուսներով: Վարորդների հավաքագրման փուլն ավարտված է: 28 համարի երթուղին, ի դեպ, փոքր-ինչ կփոփոխվի և ուղիղ կապ կլինի դեպի մետրոյի «Բարեկամություն» կայարան։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարվել է քայլեր ձեռնարկել Դավիթ Անհաղթի զբոսայգին համայնքին վերադարձնելու և վարձակալի հետ պայմանագիրը լուծելու ուղղությամբ: Հանգստի գոտին արդեն մի քանի տարի է՝ ինչ գտնվում է անմխիթար վիճակում:

«Վարձակալի հետ պայմանագրի լուծումն ինձ համար ինքնանպատակ չէ: Մեր համաքաղաքացիներին ամենևին էլ չի հետաքրքրում, թե այգին ում է պատկանում: Նրանց համար ամենակարևորը հանգստի գոտում նորմալ միջավայրի ապահովումն է»,- ընդգծել է քաղաքապետը:

Երևանյան փողոցներում հաճախակի են դարձել վճարային տերմինալների տեղադրման դեպքերը: Առևտրի և ծառայությունների վարչությանը հանձնարարվել է հետևողական քայլեր ձեռնարկել դրանք ապամոնտաժելու և խնդրին իրավական կարգավորում տալու ուղղությամբ:

«Քաղաքում ինչ-որ վճարային տերմինալներ են հայտնվում, որոնք տեղադրում են ոչ միայն նոր կազմակերպությունները, այլև գործող կազմակերպությունները, այն էլ՝ նոր վայրերում: Այդպես չի լինում, որ քաղաքում ով ինչ ցանկանա անի: Դա անարդարություն է. նոր կազմակերպություններին թույլ չենք տալիս, հները ինչ ցանկանում, անում են: Գործող կազմակերպության կողմից դրված նոր տերմինալները պետք է վերանան, մինչև մենք իրավական կարգավորում ունենանք այս դաշտում»,- շեշտել է Հրաչյա Սարգսյանը: