Երախտագիտության խոսք եմ ուզում հղել բոլորիդ՝ համատեղ և փոխգործուն աշխատանքի համար։ Սա ժողովրդին ծառայելու և ժողովրդին մոտ գտնվելու եզակի հնարավորություն էր:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի՝ արդեն նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը՝ ամփոփելով նախարարության իր աշխատանքը:

Հիշեցնենք՝ ԱՀ նախագահի՝ երեկ ստորագրած հրամանագրով՝ նա նշանակվել է նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդական: Ղարախանյանի գրառման մյուս մասը ներկայացնում ենք ստորև.

«Աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային հարափոփոխ միջավայրում, անվտանգային համակարգերի դեգրադացման պարագայում, երբ բռնությունն ու ահաբեկումը շարունակվում են լեգիտիմացվել ու մնալ անպատժելի, ակտուալ գիտելիքի ստեղծումը դառնում է ցպահանջ, հանրակրթության և գիտության ոլորտի կարևորագույն որոշումների ընդունումը՝ խիստ պատասխանատու։ Մեր համատեղ աշխատանքն ընթացել է խիստ անսովոր պայմաններում։ Մենք դատապարտված ենք եղել շարունակել աշխատել՝ հընթացս հաղթահարելով կրթության, մշակույթի, սպորտի ոլորտների կորուստները՝ մարդկային և նյութական։

Այնուհանդերձ, մեզ հաջողվել է կյանքի կոչել բազմաթիվ ծրագրեր, ինքնակազմակերպվել, մեկտեղել մեր բարոյական, հոգևոր ու ինտելեկտուալ ներուժը և շարունակել մեր ընթացքը։ 44-օրյա պատերազմի ընթացքում և ցայսօր ոգեղեն կենսունակությամբ հաղթահարել ենք համակարգի առջև ծառացած խնդիրները։ Հենց այդ ոգեղենության մեջ եմ տեսնում մեր համատեղ աշխատանքի երկարաժամկետ հեռանկարը, մեր համազգային արժանապատվությունն ու հպարտությունը։

Սերնդին դաստիարակելու, կրթելու և արժեքներ փոխանցելու շաղախը ձեր ձեռքերով է հունցվում, և գալիքը փրկող ջահակիրները դուք եք։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱՀ Նախագահ պարոն Արայիկ Հարությունյանին այս պատասխանատու պաշտոնը վստահելու համար, որն ինձ համար ոչ միայն գաղափարների, նախաձեռնությունների, մտահղացումների իրականացման մեծ հնարավորություն էր, այլ իրական փորձության ճանապարհ։ Շնորհավորում եմ նորանշանակ նախարար տիկին Անահիտ Հակոբյանին։ Հավատում եմ նրա արհեստավարժությանն ու մարդկային բարձր որակներին։ Ցանկանում եմ աննկուն կամք ու մեծ հաջողություններ։

Կշարունակեմ աշխատել ԱՀ Նախագահի խորհրդականի պաշտոնում՝ աջակցելով կրթագիտական համակարգին։

Ինքնաշեն, ինքնակերտ, ինքնաբավ. սա է Արցախի կրթագիտական համակարգի իմ տեսլականը, և ես այն կդարձնեմ հայրենիքը կառուցելու իմ պարադիգմը։

Երախտագիտությունս Սփյուռքի բոլոր այն անհատներին ու կազմակերպություններին, ովքեր վստահել են ինձ և աջակցել Արցախի կրթամշակութային և սպորտի համակարգին։ Էլիտար սփյուռքն ինձ համար կշարունակի մնալ գաղափարախոս, հայրենիքը կառուցելու ազգահավաք ֆենոմեն։

Նախարարի պաշտոնը նաև հայտնի և հզոր մարդկանց հետ արդյունավետ ու բազմաշերտ շփումների ու համագործակցության մեծ աշխարհ է։ Ցավոք, առնչվեցի նաև մարդու նվաստ տեսակին՝ պատեհապաշտ, եսասեր և անպատասխանատու, անհամեստ ու չարախոս, որը մեր տաճարը փորձում է ներսից քանդել:

Հորդորս՝ գիտակցաբար ու միակամ կերտենք հանգամանքները, որպեսզի չհայտնվենք արժեհամակարգի գահավիժող պարույրում»։