ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ՝ հայտնում են պետքարտուղարության մամուլի ծառայությունից:

Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի, Եվրամիության, Մեծ յոթնյակի անդամների և այլ գործընկերների հետ Ուկրաինայի սահմաններին Ռուսաստանի ռազմական զինուժի աճի դեմ ուղղված համատեղ ջանքերը: Նախարարներն ընդգծել են աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

ԱՄՆ և Ֆրանսիայի գլխավոր դիվանագետներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: «Զրուցակիցները խոսել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր հարցերի լուծման գործում Հայաստանին և Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու՝ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերի մասին»,- նշված է պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

Բլինկենն ու Լը Դրիանը անդրադարձել են Աֆրիկայում ընթացող իրադարձություններին, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գործընկերների հետ ՆԱՏՕ-ի փոխգործակցության կարևորությունը: