Փետրվարի 9-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ ժամը 14.30-ին չորս անձ Աբովյան փողոցում իջնելով «Նիսան» մակնիշի ավտոմեքենայից՝ մի քաղաքացու են ծեծի ենթարկել։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

«Ժամը 15.40-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 18-ամյա մի երիտասարդ: Պարզվել է, որ նրան ծեծել էին Աբովյան փողոցում։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով։

Փետրվարի 12-ին Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած անձանց ինքնությունը։

Նրանք Արգիշտիի փողոցում հայտնաբերվել և, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել բաժին և ներկայացվել նախաքննական մարմնին, որտեղ 32-ամյա տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:

Կատարվում է նախաքննություն»,-ասված է հաղորդագրության մեջ: