Երևանի կենդանաբանական այգու յագուարը անկել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կենդանաբանական այգու տնօրեն Արևիկ Մկրտչյանը՝ նշելով, որ կենդանու մոտ որևէ կլինիկական ախտանշան վերջին 3-4 օրվա ընթացքում, բացի դժվարաշնչությունից, չի եղել: Կերից հրաժարվել է միայն նախորդ օրը երեկոյան:

«Թեպետ վատ լուրով, միևնույն ժամանակ հավատարիմ մնալով թափանցիկ աշխատելաոճին՝ հայտնում եմ, որ Կենդանաբանական այգու յագուարին առավոտյան գտել ենք անշարժացած: Կատարել ենք հակաբիոտիկային բուժում, որից հետո յագուարն ակտիվացավ, սկսեց կես բաժնի փոխարեն մեկն ուտել: Մահը հանկարծակիի բերեց բոլորիս առավոտ կանուխ՝ առաջացնելով բազմաթիվ հարցեր: Այսօր իմ հրավերով Այգի են ժամանել ՀՀ ՍԱՏՄ աշխատակիցները, լաբորատորիայի գլխավոր դիահերձողն ու Ագրարային համալսարանի լավագույն պրոֆեսորները՝ դիահերձում կատարելու, 10 տարեկան կենդանու հանկարծակի մահվան պատճառը պարզելու համար»,- գրել էր Արևիկ Մկրտչյանը:

Ըստ տնօրենի՝ նախնական ախտորոշմամբ պատկերը բնորոշ է քրոնիկ բրոնխոպնևմոնիայի. ախտահարված էին կենդանու թոքերը, բրոնխները, լյարդն ու փայծաղը: Թոքերի շուրջ և տարածված կային նաև տեսանելի հյուսվածքներ, որ նորագոյացության կասկած տվեց, ինչը պարզելու համար կենսանմուշն ուղարկեցինք հիստոպաթոլոգիական անալիզի:

Լաբորատոր և դիահերձման պատասխանները պարզ կլինեն 3-4 օրվա ընթացքում, որի արդյունքները լինելուն պես կհրապարակեմ:

«Յագուարին ներմուծել եմ ես՝ Վրաստանի Հանրապետությունից, դեռ 2013թ-ին: Կենդանին ընդամենը 3 տարի ցուցադրվեց, իսկ 2016թ.-ի վերակառուցումից հետո մինչ օրս պահվեց Այգու կարանտինային շենքում, ուր ջեռուցումն, իմ տվյալներով, մշտապես խնդիրներ է ունեցել: Կենդանու հիվանդության պատմություն/անկետա գոյություն չունի: Կլինիկական ախտանիշներ նկարագրված չկան, սակայն ցանկացած կենդանաբույժ կհավաստի, որ բրոնխիտային - թոքային պրոցեսը ժամանակին չհայտնաբերելն ու չբուժելն անհետևանք մնալ չէր կարող: Հիստոպաթոլոգիան կտա բոլոր հարցերի պատասխանները, վերջնական եզրակացությունը կհաջորդի»,- գրել է տնօրենը: