Եվրոպական խորհրդարանի անդամները ահազանգում են Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման վտանգի մասին՝ դատապարտելով հայկական եկեղեցիները իբրև «աղվանական» ներկայացնելու և դրանցից հայկական հետքերը վերացնելու Ադրբեջանի մշակույթի նախարարության նախաձեռնությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ եվրոպացի պատգամավորները Թվիթերում կոչ են արել միջազգային հանրությանը գործի անցնել և դատապարտել Ադրբեջանի այդ գործողությունները:

«Միջազգային հանրությունը պետք է գործի անցնի հենց հիմա: Մենք պետք է դատապարտենք և կասեցնենք Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության խեղաթյուրման, աղավաղման և ոչնչացման ցանկացած փորձ», - Թվիթերի իր էջում գրել է Եվրախորհրդարանի կիպրոսցի պատգամավոր Դեմետրիս Պապադակիսը:

Ադրբեջանի մշակույթի նախարարության աղմկահարույց նախաձեռնությանը անդրադարձել է նաև նիդերլանդցի պատգամավոր Պետեր վան Դալենը՝ Թվիթերում գրելով, որ Ալիևի հանցագործությունները սահմաններ չունեն:

«Ադրբեջանը հայտարարել է, թե ծրագրում է ջնջել հայկական հետքերը եկեղեցիներից: Եվրոպական խորհրդարանը, Ֆրանսուա Ալֆոնսին (Եվրախորհրդարանի անդամ), Սիլվի Գիյոմը (Եվրախորհրդարանի անդամ) պետք է դատապարտեն այս մշակութային ցեղասպանությունը», - հայտարարել է Պետեր վան Դալենը: