ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատում այսօր տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը: Տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը։

Այն մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության օրհներգերի հնչյունների ներքո: Արարողությունն ուղեկցվել է նորակոչիկների կողմից ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի օրհներգի կատարմամբ և հանդիսավոր շքերթով:

Զորամասի շարահրապարակում՝ մարտական դրոշի ներքո, տեղի է ունեցել նորակոչիկների երդմնակալության հիմնական արարողակարգը, որի ընթացքում նրանք ընթերցել են զինվորական երդման տեքստն ու սահմանված կարգով ստորագրել այն։

Երդմնակալության հանդիսավոր արարողությանը հաջորդած ցերեկույթին Հայրենիքի պաշտպանի օրվա, մարտական ծառայությունն օրինակելի կերպով կատարելու և հայրենիքին անձնուրաց ծառայելու համար ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատի զինվորական ծառայողներ գնդապետ Դենիս Կոմարովը, փոխգնդապետ Ալեքսանդր Կալուժենինը, ավագ սերժանտ Գարիկ Նիկողոսյանը և եֆրեյտոր Հովիկ Թովմասյանը ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի կողմից պարգևատրվել են պատվոգրով: