Ուկրաինայի հայ համայնքը նախապատրաստվել է անհրաժեշտության դեպքում սահմանային թեժ հատվածներից հայերին դուրս բերելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը, ով բնակվում է Կիևում:

«Խոսքը Դոնեցկի, Լուգանսկի հայերի մասին է: Հայ համայնքը պլան է մշակել ռազմական գոտուց մեր հայրենակիցներին դուրս բերելու համար: Առայժմ նման կարիքի մասին չեն հայտնել: Ունենք նախօրոք հստակեցված երթուղիները, տրանսպորտը, որ անհրաժեշտության դեպքում հայերին դուրս բերենք, բայց կրկնում եմ, մինչ այս պահը նման հարցադրում դեռ չի եղել»,-ասաց Մարատ Հակոբյանը:

Նա նշեց, որ ամենաշատ հայերը Դոնեցկում են, մինչև 50 հազար հայերի մասին է խոսքը: Այն իր մեծությամբ Կիևին, Օդեսային Խարկովին հավասար մեծ համայնք է: Մարատ Հակոբյանը տեղեկացրեց, որ տարբեր հարցերով կապի մեջ են նաև դեսպանության հետ:

«Ինչպես գիտեք ռազմական դրություն է հայտարարված երկրում, քանի որ սա առաջին տարին չէ, հայ համայնքն իր անելիքները գիտի: Երկրում բոլոր ենթակառուցվածքները գործում են, հասարակական տրանսպորտն աշխատում է: Կիևում, պարզապես, բավականին շատ խցանումներ են: Նրանք, ովքեր կարողանում են հասնել տեղ, իրենց գործն անում են: Մարդիկ աշխատում են խուճապի չմատնվել, որովհետև հակառակորդը հենց դրան է ձգտում»,-ասաց Մարատ Հակոբյանը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին: Նա հայտնել է, որ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն է հայտարարել երկրի ողջ տարածքում: