«Հրապարակ» թերթը գրում է.

«Փետրվարի 24-ին Զինված ուժերի ԳՇ պետի պաշտոնից Արտակ Դավթյանի անակնկալ ազատման պատճառների մասին այդպես էլ պաշտոնապես չհաղորդվեց։ Դավթյանի մտերիմներից մեկը մեզ պատմեց, որ Դավթյանն ավելի վաղ անձամբ է ցանկացել հրաժարվել պաշտոնից, նա իր մերձավոր շրջապատում բողոքել է, թե բանակը քանդում են, սակայն նրան, կարելի է ասել, պատանդի կարգավիճակում են պահել՝ սպառնալով, թե հակառակվելու դեպքում իրեն քրեական պատիժ է սպասվում։ Դավթյանը մտերիմներին ասել է, թե իրեն «պադստավկա» են արել: Իսկ թե ինչ հարցում, մեր զրուցակիցը չմանրամասնեց՝ ակնարկելով, որ Դավթյանի վերաբերյալ քրեական գործ է պատրաստվում։

Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրված Դավիթ Տոնոյանի գործով: Դավթյանի մտերիմը պնդում էր, որ նրան ԳՇ պետի պաշտոնից ազատելուց հետո այլ պաշտոն են առաջարկել' չի համաձայնել։ Մեզ չհաջողվեց զրուցել անձամբ Դավթյանի հետ, նա ազատվելուց հետո անհասանելի է, բայց ակնհայտ է, որ այս լուրերն իր իմացությամբ են տարածում, ինչը նշանակում է, որ նա առաջիկայում կարող է խոսել եւ իր դժգոհությունները բարձրաձայնել։ Նշենք, որ մինչ այս պահը ԳՇ պետ չի նշանակվել' նրա տեղակալ Քոչունցը պետի պաշտոնակատարն է»: