Օրվա ընթացքում ռուսական բանակի ավիացիան ոչնչացրել է Ուկրաինայի 54 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ երեք հրամանատարական կետ, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

«Օպերատիվ-մարտավարական, բանակային և անօդաչու ինքնաթիռները խոցել են Ուկրաինայի 54 ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ երեք հրամանատարական կետ, չորս հրթիռային բազմակի կայանք, չորս զինամթերքի պահեստ և 44 ռազմական տեխնիկայի կուտակման վայր»,–ասել է Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Բացի այդ, ըստ նրա, օրվա ընթացքում ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը օդում խոցել են մեկ ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Հատուկ գործողության մեկնարկից ի վեր ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է 1412 ուկրաինական տանկ և զրահամեքենա, ուրբաթ օրը լրագրողներին ասաց ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է 184 անօդաչու թռչող սարք, 1412 տանկ և այլ զրահատեխնիկա, 142 բազմակի հրթիռահրետանային կայանք, 542 դաշտային հրետանի և ականանետ, ինչպես նաև 1211 միավոր հատուկ ռազմական տեխնիկա», - ասել է գեներալը: