Ամեն գնով Վեդու քաղաքապետ դառնալ ցանկացող Գարիկ Սարգսյանը որոշել է կրկին անգամ «զարմացնել» հանրությանը: Երեկվանից ՔՊ ֆեյսբուքյան պաշտոնական էջում տարածվում է Սարգսյանի՝ մեղմ ասած ուշացած հաշվետվությունը, որտեղ նա ներկայացնում է, թե ինչ կայսերական աշխատանքներ է կատարել Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու 2.5 տարիների ընթացքում:

Դիցուք՝ ըստ Գարիկ Սարգսյանի, իր ղեկավարած մարզի առավել հրատապ խնդիրների լուծմանը, դրանց թվում են՝ մարզի միկրոռեգիոնալ տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման ծրագիրը, որի վրա վերջինս ծախսել է 128.0 մլն. դրամ, այնուհետև մշակութային հարցերն էին, որ հրատապ լուծում էին պահանջում, Սարգսյանը ծախսել է 19 միլիոն դրամ: Իրականացրած աշխատանքներից Սարգսյանը առանձնացրել է նաև 7 համայնքում՝ լուսավորության ցանցի կառուցումը, 3 համայնքում՝ գազաֆիկացումը, 2 համայնքում՝ այգու կառուցումը, 1 համայնքում՝ սպորտային խաղադաշտի կառուցումը, 1 համայնքում՝ գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերումը, 1 համայնքում՝ հանդիսությունների սրահի կառուցումը: 2.5 տարում Սարգսյանը ընդամենը 10 կմ երկարության նոր ճանապարհ է կառուցել Արարատի մարզում: 2019 թվականի ընթացքում մարզի մի շարք դպրոցներում առաջանահերթ լուծում պահանջող խնդիրների համար կատարվել են մինչև 1 միլիոն դրամի ամենատարբեր աշխատանքներ՝ սանհանգույցի վերանորոգում, ներքին հարդարման և այլ աշխատանքներ:

Ինչպես տեսնում ենք՝ ինքը Գարիկ Սարգսյանն էլ ընդունում է, որ 2,5 տարի զբաղված է եղել թիթեռ նկարելով և, ըստ էության, մարզում որևէ լուրջ պրոյեկտ նրա ղեկավարման տարիներին չի իրականացվել: Ոչ մի խոսք խոստացված խոշոր ներդրումների, բացված հազարավոր նոր աշխատատեղերի մասին, այն պարզ պատճառով, որ անշուշտ, 2.5 տարում մեկ սանհանգույց նորոգելը շատ ավելի հեշտ է: Հասկանալի է, իհարկե, Սարգսյանի մոտիվացիան․ վերջինս ցանկանում է ամեն գնով ընտրվել Վեդի համայնքի ղեկավար և այդ պատճառով նույնիսկ դարակը դրած և ժամանակին չհրապարակած հաշվետվություններ է հրամցնում հասարկությանը, սակայն, այդ հաշվետվությանը մոտիկից ծանոթանալուց հետո հասկանալի է դառնում, որ ավելի լավ հակաքարոզ Սարգսյանին անգամ իր քաղաքական ընդդիմախոսները չէին կարող անել...