Կառավարությունը սուբսիդավորվի արտահանման կամ ներմուծման նպատակով Փոթի-Կովկաս լաստանավային կանոնավոր հաղորդակցությունը։ Կառավարությունը նման որոշում կայացրեց մարտի 24-ի հերթական նիստի ժամանակ։ Նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Հայաստանը ներմուծման և արտահանման ժամանակ միշտ բախվում է տարբեր խնդիրների հետ՝ Վերին Լարսի ճանապարհը փակ է լինում, մեքենաների կուտակումներ կան տարբեր կողմերից։ Այս նոր իրավիճակում, երբ պարենային անվտանգության հարցը դառնում է ամենակարևոր խնդիրներից մեկը յուրաքանչյուր երկրի համար, կարիք կա ֆունդամենտալ լուծում տալ։ Մենք առաջարկում ենք սուբսիդավորել Փոթի-Կովկաս լաստանավային կանոնավոր հաղորդակցությունը, որը իրականացվում է շաբաթական երկու անգամ, որպեսզի կարողանանք որոշ ժամանակի ընթացքում մեր լոգիստիկ բեռնափոխադրումների էական մասը տեղափոխել երկաթուղային տրանսպորային ձևի»,- ասաց Քերոբյանը։

Նախարարը նշեց, որ դա հնարավորություն կտա էապես բարձրացնել Հայաստանի լոգիստիկ հասանելիությունը, էապես բարձրացնել Հայաստանի մրցունակությունը, ինչպես նաև պարենային անվտանգության համար շատ կարևոր դերակատարություն կունենա։