Հայաստանը պատրաստ է ընդունել ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«Եվրոպական ֆեդերացիայի ներկայացուցիչների՝ Հայաստան այցից հետո Ֆեդերացիայի պաշտոնական կայքում գրվել է, որ պայմաններն առավել քան բավարար են Եվրոպայի մեծահասակների առաջնությունը Երևանում անցկացնելու համար»,-ասաց Գիլոյանը:

Վերջինս շեշտեց, որ Հայաստանը պաշտոնապես կներկայացնի առաջնությունն ընդունելու հայտը:

«Եվրոպայի առաջնությունը 2023 թվականի առաջնության անցկացման վայրի վերաբերյալ վերջնական որոշումը հայտնի կլինի մայիսին, երբ Ալբանիայում կկայանա հին աշխարհամասի առաջնությունը: Մենք պատրաստ ենք ընդունելու ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը»,-շեշտեց նա:

Նախորդ շաբաթ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտիին և գլխավոր քարտուղար Միլան Միխայլովիչին ու քննարկել ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը Երևանում անցկացնելու հնարավորությունը: Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի ներկայացուցիչները մարտի 24-ին այցելել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ էլ հաջորդ տարվա գարնանը նախատեսվում է անցկացնել մրցաշարը: Անտոնիո Կոնֆլիտին և Միլան Միխայլովիչը նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի և hամալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի ուղեկցությամբ ծանոթացել են մարզահամերգային համալիրի ենթակառուցվածքներին ու պայմաններին, քննարկել առաջնության կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցեր: