«Ռուսաստանը Իրանի հետ միասին մտադիր է գործնական քայլեր ձեռնարկել, որոնք հնարավորություն կտան շրջանցել Արևմուտքի պատժամիջոցները։ Ռուսաստանը նաև նախատեսում է միջազգային քննարկումներում հասնել Արևմուտքի ապօրինի գործողությունների դատապարտման»,- այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Մոսկվան արևմտյան սահմանափակումները դիտարկում է որպես «պետությունների ինքնիշխան հավասարության» և «այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու» սկզբունքները խաթարելու մեխանիզմ։

Սերգեյ Լավրովը նաև հայտնել է Ռուսաստանի շահագրգռվածությունը Թեհրանի հետ համագործակցության ամրապնդման հարցում։

Նշվում է, որ Ռուսաստանն ու Իրանն արդեն մշակում են ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման միասնական համակարգ՝ շրջանցելով SWIFT միջբանկային վճարումների փոխանցման միջազգային համակարգը։ Երկրները քննարկում են նաև ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերի ճանաչման հարցը։