Այսօր՝ ապրիլի 2-ին, աշխատանքային կանոնների խախտման պատճառով ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 08։15-ի սահմաններում «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա գյուղ տանող հատվածի «Փորձադաշտ» կոչվող տարածքում Վայոց Ձորի մարզի բնակիչ 23-ամյա Կարեն Ա․-ն իր վարած «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկով աշխատանքներ կատարելիս, հետընթաց է արել, որի ժամանակ անզգուշաբար հարվածել է Վայոց Ձորի մարզի բնակիչ 26-ամյա Արման Հ․-ին։ Վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով, մահացել է։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Կարեն Ա․-ն աշխատում է «Քարավան» ՍՊԸ-ում որպես կռունկավար, իսկ մահացած Արման Հ․-ն նույն ՍՊԸ-ում որպես բանվոր։