ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ՝ նշելով արդյունավետ համագործակցությունը առևտրատնտեսական, գիտական, տեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում, գրում է ՏԱՍՍ֊ը։

«Վերջին տասնամյակների ընթացքում շատ բան է արվել ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման համար՝ հիմնված բարեկամության և փոխադարձ հարգանքի լավ ավանդույթների վրա: Ընդլայնվում է կառուցողական քաղաքական երկխոսությունը, արդյունավետ համագործակցությունը առևտրային, տնտեսական, գիտական, տեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում»,֊ ասվում է հեռագրում, որը հրապարակվել է երկուշաբթի օրը՝ Կրեմլի կայքում։

ՌԴ նախագահը նաև հիշեցրել է, որ անցյալ և նախորդ տարի կնքված եռակողմ համաձայնագրերի հիման վրա երկրներն աշխատում են միասին՝ ամրապնդելու կայունությունն ու անվտանգությունը Անդրկովկասյան տարածաշրջանում։