2018-2021 թթ-ին Հայաստանում ճանապարհների հիմնանորոգման և նորոգման համար ծախսվել է ընդհանուր առմամբ 94,335 մլրդ դրամ գումար (1062,3 կմ)։ Ընդ որում, այս գումարից 32,17 մլրդ դրամը ծախսվել է 2020թ-ին, իսկ 2022թ-ին ճանապարհաշինական աշխատանքների համար նախատեսվում է հատկացնել 46 մլրդ դրամ։

Սակայն, ոչ այնքան ուշագրավ է, թե որքան է ծախսվել, այլ այն, թե ովքեր են ասֆալտապատման ծառայություններ մատուցող ընկերությունների սեփականատերերը, որոնցից էլ կառավարությունը համապատասխանաբար գնել է այդ ծառայությունները: Իսկ դրանք, ինչպես և ակնկալվում էր, բնավ էլ պատահական անձինք չեն: Ամենախոշոր պայմանագրերը բաժին են հասել հետևյալ ՍՊԸ-ին, պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 30 միլիարդ դրամ:

Դիցուք՝  «Շանթ-Սեյրան» (մինչև 2001 թ.՝ «Սասուն») ՍՊԸ-ն, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի, հիմնվել է 1996-ի հունվարին (հարկ վճարողների համակարգում նշվում է 1991 թ.): Ներկայում ընկերության 95 տոկոսը պատկանում է Արմեն Կառլենի Ղուկասյանին, ով նաեւ ՍՊԸ-ի տնօրենն է: Վերջինս Վերին Գետաշեն գյուղի բնակիչ է, Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ (2003-2012 թթ.) Արտուշ Ղուկասյանի կրտսեր եղբայրը: ՍՊԸ-ի մնացած 5 տոկոսը պատկանում է Ներքին Գետաշենի բնակիչ Սասուն Բաղդասարյանին, ով Ղուկասյան եղբայրներից Ռուբիկի փեսան է՝ դստեր ամուսինը: 

Այս ընկերության հետ կապված մամուլը նաև գրել էր, որ Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից մշակվում է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ի՝ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից 2.7 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը: Չնայած սրան, 2020 թվականին ՍՊԸ-ն լուրջ խնդիրների էր բախվել հարկերը վճարելու մասով, դրանք կազմում էին 4796351 դրամ :

«Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն պատկանում է Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանի եղբորորդուն՝ Արմեն Բադալյանին: «Լեոպոլդ և ընկերներ» ընկերությունը ստեղծվել է 2011-ին, 100 տոկոս բաժնետերը Արմեն Բադալյանն է։ Ըստ Armeps համակարգի՝ պետական մարմինները «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ի հետ միայն 2021-ին կնքել են ընդհանուր 4,9 միլիարդ դրամի պայմանագիր։ Արմեն Բադալյանին պատկանող և պետական գնումներում հաղթող մյուս ընկերությունը «Ա.Ա.Բ. ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ն է, որը ստեղծվել է 2006-ին։ Armeps կայքում պետական մարմինների և այս ընկերության միջև կնքված պայմանագրեր առկա են` սկսած 2018-ից։ Երեք տարվա ընթացքում կնքվել է 23 պայմանագիր՝ ընդհանուր 21,3 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով։

Ըստ armeps.am-ի՝ «Ոսմար» ՍՊԸ-ն պետական գնումների գործընթացին մասնակցում է 2015 թվականից և այս 6 տարիների ընթացքում պետական տարբեր գերատեսչությունների հետ կնքել է ընդհանուր 23 պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը հասնում է գրեթե 7 միլիարդ դրամի։ Այդ պայմանագրերից ամենախոշորը հենց վերջինն է՝ 2,7 միլիարդ դրամ, որի համար պայմանագիր կնքվել է մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով։ Տաթև-Աղվանի ճանապարհի 17,5 կմ հատվածում շինարարական աշխատանքներ էր կատարում «Ոսմար» ՍՊԸ-ն։ «Ոսմար» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2002 թվականին, և մինչև օրս ընկերության սեփականատերերի փոփոխություն չի եղել։ «Ոսմար» ՍՊԸ-ի 40 տոկոս բաժնեմասը պատկանում է Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանին, 25 տոկոսը՝ նրա կնոջը՝ Անահիտ Մարտիրոսյանին, իսկ մնացած 35 տոկոսը՝ աներորդուն՝ Արթուր Մարտիրոսյանին։

Ինչպես տեսնում ենք՝ անգամ Փաշինյանի կողմից իր իշխանության մի քանի տարիների գլխավոր ձեռքբերումը համարվող ասֆալտապատման գործում երևում են նախկին պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերությունների «ականջները»: Եվ քանի որ գաղտնիք չէ՝ ասֆալտապատման գործը մշտապես եղել է և կա ամենաեկամտաբեր բիզնեսներից մեկը Հայաստանում, որի վրա պաշտոնյաները միշտ էլ աչք են ունեցել՝ հարցերն էլ ավելի են շատանում...