Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ Եվրոխորհրդարանի 43 պատգամավոր նամակ է հղել Շառլ Միշելին: Այս մասին հայտնում է ՀՅԴ Եվրոպայի հայ դատի հանձնախումբը:

«Եվրոխորհրդարանի պատգամավորներ՝ Լուկաս Ֆուրլասի և Ֆրանսուա-Քսավյե Բելամիի նախաձեռնությամբ 43 եվրոպատգամավոր՝ բոլոր գլխավոր քաղաքական խմբակցություններից, նամակ է հղել Եվրոպայի Խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրոպայի Արտաքին գործողությունների ծառայության Բարձր Ներկայացուցիչ Ժոզեփ Բորրելլին՝ Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ։
Եվրոպատգամավորները ահազանգում են Արցախում Ադրբեջանի կողմից բնիկ հայ բնակչության նկատմամբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ։ Նրանք ԵՄ գործադիր ղեկավարներին կոչ են անում օգտագործել Եվրոմիության տրամադրության տակ գտնվող բոլոր լծակները՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի այդ երկիրը վերջ տա Արցախում իր ագրեսիվ քաղաքականությանը, անհապաղ հետ քաշի իր զինված ուժերը ելման դիրքեր և դադարեցնի ցանկացած գործողություն, որը կարող է վտանգել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը։
Անդրադառնալով նամակին ՀՅԴ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը շեշտել է․ «ԵԽ պատգամավորների այս նախաձեռնությունը կարևոր ազդակ է՝ ուղղված ԵՄ գործադիր ղեկավարներին, քանի որ այն Ադրբեջանի վարած քաղաքականությանը տալիս է հստակ գնահատական՝ բնորոշելով որպես էթնիկ զտման քաղաքականություն։ Պետք է շարունակենք հետևողական լինել, որպեսզի ԵՄ-ն ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ վերջ տալու Արցախի հայաթափման սանձարձակ կեցվածքին»,- ասված է հաղորդագրությունում։