Թեև ՀՀ իշխանությունները պարբերաբար մեղադրում են իրենց նախորդներին կոռուպցիայի, թալանի և մնացյալ՝ հնարավոր և անհնարին մեղքերի մեջ, դա չի այնուամենայնիվ չի խանգարում կառավարությանը միլիոնների հասնող հարկային արտոնություններ տրամադրել նախկին պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններին։ Հեղափոխությունից ուղիղ չորս տարի անց հետ հայացք գցելով այն արտոնություններին, որոնք այս տարիների ընթացքում բաժանել է Փաշինյանի կառավարությունը' պարզ է դառնում մի օրինաչափություն' դրանցից ամենախոշորները բաժին են հասել հենց նախկին պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններին։ Իսկ ովքե՞ր էին այդ պաշտոնյաները։

Արտոնության բավական մեծ չափաբաժին է հասել աժին է հասել «Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ-ին, որը 2014 թվականին հիմնադրել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգյսանի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանն ու նրա եղբայրը' Աբել Ղարիբյանը։ Այս ընկերությունը զբաղվում է վարդերի աճեցմամբ։ Նախորդ տարվա հոկտեմբերի 26-ին տրված արտոնությամբ՝ «Արմյանսկիյ Ուրաժայն» ազատվել է ներմուծման մաքսատուրքից։ Ըստ որոշման հավելվածի՝ ընկերությունը Եվրամիության երկրներից պետք է ներմուծեր ջերմոցներ, վարդի սածիլներ և հանքաբամբակներ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 6 մլրդ 824 միլիոն դրամ:

Կառավարությունը 4 տարվա ընթացքում 5 արտոնություն է տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի դստերը՝ Աստղիկ Ալեքսանյանին պատկանող «Տեքսաս փրոդաքշըն» ընկերությանը։ Աստղիկ Ալեքսանյանը փակ բաժնետիրական ընկերության հիմնադիրներից մեկն է, սակայն որքան բաժնեմասն է նրան պատկանում' հայտնի չէ։ Սա միակ արտոնությունը չէ, որ ստանում է գործարարի դստեր ընկերությունը։ Հուլիսի 1-ին կառավարության մեկ այլ որոշմամբ՝ մաքսատուրքից ազատվել է Աստղիկ Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերություն ևս՝ «Ալեքս տեքստիլ»-ը։ Այս ընկերությունը նույնպես իր 3-րդ արտոնությունն էր ստանում։ Տրված արտոնությունների ընդհանուր ծավալը կազմել է 1,5 միլիարդ դրամ։

Փաշինյանի կառավարությունը արտոնություն է տվել նաև «Ասկե Գրուպ»-ին, որը պատկանում է Դատական ակտերի հարկադիր ծառայության նախկին ղեկավար, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի քեռուն՝ Միխայիլ Հարությունյանին ու նրա ընտանիքին:

Կառավարությունը արտոնություն էր տվել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ընկերությունը, որն ազատվեց 311 մլն դրամի մաքսատուրքի վճարումից: Այդ գումարը հաշվարկվել էր 3,6 մլրդ դրամ կամ մոտ 7 մլն դոլար արժողության բոլդոզերներ, այլ մեքենաներ ու մեխանիզմներ ներկրելու համար: Ընկերությունը վերագրվում է Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Սուքիասյանին:

Արտոնություն է ստացել նաև նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի անվան հետ կապվող «Վաբա» ՍՊԸ-ն: Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը կատարելու է 2,25 մլրդ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 102,9 մլն դրամ։

Կառավարությունը ընդունել է նաև «Սոլար ֆարմ» ՍՊԸ-ին մաքսատուրքից ազատվելու արտոնություն տալու որոշում։ Ընկերության կողմից ներմուծվելու են ապրանքներ, որոնք օգտագործվելու են էլեկտրաէներգիայի արտադրության համար (արևային կայանի կառուցում)։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 51.3 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 4.2 մլն դրամ: «Սոլար ֆարմ» ընկերությունը հիմնադրվել է 2019 թ. մարտին։ Բաժնետերերից մեկը Էկոնոմիկայի նախարարության նախկին գլխավոր քարտուղար Արմեն Կարապետյանն է: Արմեն Կարապետյանը 2017-2018 թթ․ զբաղեցրել էր Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Այնուհետև, նախարարությունների օպտիմալացման արդյունքում դարձել էր Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար։ Կարապետյանը ազատվել է պաշտոնից 2019-ի հոկտեմբերին, ինչպես ինքն է պարզաբանել՝ առողջական դրդապատճառներով։ Շուրջ մեկ ամիս անց նա դարձել է «Սոլար ֆարմ» ընկերության 50 տոկոս բաժնետեր։

2018 թվականին ԱԱՀ-ի հետաձգման արտոնություն Է ստացել ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի որդիներին պատկանող «Գրին ֆարմեր» ՍՊԸ-ն: Ընկերությունում ևս 40 տոկոս բաժնեմաս ունի Արման Աբրահամյանը, որը «Գազպրոմ Արմենիայի» դուստր ընկերության՝ «Տրանսգազ»-ի նախկին տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանի փեսան է։ Արտոնությունը կազմում է 28,5 մլն դրամ։

Արտոնություն է տրվել նաև «Ջերմուկ գրուպ» ընկերությանը: Նշենք, որ ընկերության սեփականատերը նախկին հանրապետական պատգամավոր Աշոտ Արսենյանն է: Կառավարությունը ընկերությանը տրամադրել է 26 մլն 656 հազար դրամի մաքսատուրքի ազատման արտոնություն:

Հաջորդ ընկերությունը, որը 380 մլն դրամի էքսկավատոր գնելու համար ստացավ 19 մլն դրամի մաքսատուրքը չվճարելու արտոնություն, «ԿԱՊԱՎՈՐ» ՍՊԸ-ն է: Ընկերությունը զբաղվում է ճանապարհաշինությամբ: Այն պատկանում է Արցախի քաղաքաշինության նախկին նախարար Մարատ Հակոբջանյանի զավակներին, որոնցից Լիլիթ Հակոբջանյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդականն էր:

Մաքսատուրքից ազատելու արտոնություն Է տրամադրվել նաև ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սոֆոյանի որդու՝ Սերգեյ Սոֆոյանի ընկերությանը՝ «Դամալա Գրուպ» ՍՊԸ-ին: Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 32 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 1․6 մլն դրամ:

Ինչպես տեսնում ենք՝ հեղափոխությունից հետո անցած չորս տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բավականին բարեհաճ է գտնվել նախկին պաշտոնյաների բիզնեսների հանդեպ' պետական բյուջեի հաշվին օժանդակելով վերջիններիս բիզնեսներին: