ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի նախագահ Նիկոլ Փաշինյանը գոհունակություն են հայտնել Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կայուն աճի հետագծին դուրս բերելու ուղղությամբ աշխատանքի արդյունքներով, ասվում է համատեղ հայտարարության մեջ։

«Ընդգծվեց առևտրի անվանակարգի դիվերսիֆիկացման և ծավալների հետագա առաջանցիկ աճի, արտադրության տարբեր ոլորտներում կոոպերացիայի զարգացման, Եվրասիական տնտեսական միության մեխանիզմների ակտիվ գործադրման անհրաժեշտությունը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց խրախուսել երկու երկրների գործարար շրջանակների միջև սերտ կապերի հաստատումը, այդ թվում միջտարածաշրջանային և տեղական ինքնակառավարման ձևաչափերով՝ գործարար առաքելությունների մեխանիզմների գործադրմամբ: Դրական գնահատվեց Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2022-2025թթ. համար տնտեսական համագործակցության ծրագրի վերջնականացման ուղղությամբ իրականացված աշխատանքը»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի, ինչպես նաև արդյունաբերության հարցերով աշխատանքային խմբի բարձր պահանջվածությունը և արդյունավետությունը՝ երկկողմ գործնական պայմանավորվածությունների մշակման և իրականացման տեսանկյունից:

«Փոխադարձ հետաքրքրվածություն արտահայտվեց Հայաստանի տարածքում արդյունաբերական ցուցահանդեսների մշտական անցկացման, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության շեշտադրմամբ:

Կողմերը ողջունեցին ռուսաստանյան տնտեսական օպերատորների՝ Հայաստանում ամբողջական և ժամանակակից արտադրական ցիկլի ստեղծման մտադրությունը: Հետաքրքրվածություն հայտնեցին էներգետիկայի զարգացման, այդ թվում վերականգնվող էներգետիկայի ծրագրերի մշակման հարցում՝ հիմնված էներգետիկական անվտանգության և անկախության, բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի և կայուն զարգացման սկզբունքների հիման վրա:

Որոշվեց հետայսու ևս նպաստել դեպի Հայաստան ռուսաստանյան ներդրումների հոսքին: Ընդգծվեց, որ Ռուսաստանից տնտեսական օպերատորները Հայաստանի Հանրապետության հիմնական հարկատուների թվում են, ապահովում են աշխատատեղերի զգալի քանակի ստեղծումը և ընդլայնում կադրերի պրոֆեսիոնալ պատրաստման հնարավորությունները:

Գոհունակությամբ նշեցին երկու երկրների տարածաշրջանների միջև կապերի ընդլայնման, գործարար կապերի ամրապնդման, համատեղ արտադրությունների ստեղծման և ներդրումային երկխոսության ինտենսիվացման նպատակով՝ Հայ-ռուսաստանյան գործարար խորհրդի ստեղծման ուղղությամբ տարվող Կողմերի աշխատանքը»,- ասվում է հաղորդագրությունում։

Կողմերը հաստատել են պատրաստակամությունն ընդլայնել ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցությունը: Ողջունեցին Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը և նպատակադրվածություն հայտնեցին նոր էներգոբլոկների կառուցման մշակման շուրջ:

Ընդգծվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում էներգառեսուրսների ընդհանուր շուկայի հետևողական ձևավորման ուղղությամբ համատեղ արդյունավետ աշխատանքը:

Կողմերը նաև մտադրություն են հայտնել նպաստելու Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների միջև գործնական փոխգործակցության խորացմանը, այդ թվում ամենամյա միջտարածաշրջանային համաժողովների մեխանիզմի գործադրմամբ:

«Աջակցություն հայտնեցին Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջտարածաշրջանային համագործակցության 2022-2027թթ. ծրագրի համակողմանի իրականացմանը, տարածաշրջանների և մունիցիպալ միավորների միջև խաչաձև կապերի հաստատմանը»,- ասվում է հայտարարությունում։

Փաշինյանը և Պուտինը նաև կողմ են արտահայտվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների առաջանցիկ առաջմղմանը, ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղություների իրականացմանը, ներառյալ առանց սահմանափակումների, խոչընդոտների և բացառումների ներքին շուկայի ստեղծմանը, ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժնի ավելացմանը: