Ազատության հրապարակը շարունակելու է դատարկ մնալ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց երգիչ, «Ազգի ձայն» կուսակցության համահիմնադիր Մգեր Արմենիան:

Վերջինս նշեց, որ չի միանալու ընդդիմության կողմից կազմակերպված բողոքի ակցիաներին, քանի որ դրանք անարդյունավետ են. «Այլևս չեմ վստահում այս խորհրդարանական ընդդիմությանը, 1 տարվա ընթացքում չտեսանք արդյունավետ աշխատանք: Նպատակահարմար չեմ գտնում միանալու այդ բողոքի ակցիաներին: Հրապարակը շարունակելու է դատարկ մնալ, քանի որ այն քաղաքացիները, որոնք իրենց ձայները տվել էին խորհրդարանական ընդդիմությանը, չեն միանա այդ հավաքին՝ հիասթափված են: 1 տարվա մեջ չտեսանք՝ նոր օրենքներ բերեն, ինչ-որ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գան, փոխարենը ամենօրյա ռեժիմով տեսնում ենք նրանց գոռգոռոցները, հայհոյանքներն ու շոուները: Մարդիկ չեն տեսնում առաջընթաց, իշխանությունը շարունակում է գործել իր նույն ոճով՝ կարևորում է հայ-ադրբեջանական բարեկամական հարաբերությունները»,- ասաց նա՝ հավելելով, որ բոլորովին այլ կերպ էր պատկերացնում խորհրդարանական ընդդիմության ծավալած գործունեությունը:

Մգեր Արմենիան վստահ է՝ ընդդիմադիրները պետք է վայր դնեն իրենց մանդատները: Մեր այն դիտարկմանը, թե իրենց մանդատները վայր չդնելը բացատրում են նրանով՝ ոստիկանները չեն կարողանա իրենց վրա բռնի ուժ գործադրել, քանի որ որպես պատգամավոր անձեռնմխելի են, ինչպես նաև իրենց մանդատների միջոցով խորհրդարանում կարող են անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին, մեր զրուցակիցն ասաց՝ դրանք զուտ որպես պատրվակ են ծառայում.

«Երբ ձերբակալվել էր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, այդ խմբակցության պատգամավորները, որոնք այն ժամանակ խորհրդարանական ընդդիմություն էին նույնպես բողոքի ակցիաներ էին իրականացնում: Մենք ականատես ենք եղել, թե ոստիկանական ուժերը ինչպես էին, բռնի ուժ գործադրելով, քարշ տալիս նրանց, կամ ձերբակալում: Այսինքն՝ դա պատճառ չէ մանդատը վայր չդնելու: Աթոռը ավելի կարևոր է, քան իրական գաղափարը: Ում են պետք այդ մանդատները, ում են պետք այդ աթոռները, եթե հստակ գործողություններ չկան: Դեռ որքա՞ն պետք է շարունակենք հետևել այս թատրոններին»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Նա այն կարծիքին է, որ ընդդիմադիր ուժը պետք է որևէ բանից չվախենա, քանի որ հիմա երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ. «Ես, իհարկե, դատապարտում եմ պատգամավորների ձերբակալումը, բայց հիմա երկիրը լուրջ վտանգի մեջ է, ձերբակալությունների մասին մտածելու ժամանակը չէ: Եթե ցանկանում են ինչ-որ կերպ խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի կարևոր փաստաթղթերի ստորագրմանը, ապա առաջին հերթին նրանք պետք է վայր դնեն իրենց մանդատները: Քաղաքի կենտրոնում Արցախի դրոշը միայն տնկելով  և դրա շուրջ ուրախանալով չէ»,- նշեց Մգեր Արմենիան:  

Զվարթ Պետրոսյան