Հեղափոխության օրերին և դրանից ամիսներ անց Նիկոլ Փաշինյանը հաճախ էր հիշատակում այն նախկին պաշտոնյաներին, ովքեր Երևանում շքեղ առանձնատներ ունեն և առաջարկում էր, նույնիսկ պահանջում՝ ստուգել այդ առանձնատների ձեռքբերման աղբյուրները, այն, թե ինչ միջոցներով են նախկին պաշտոնյաները ձեռք բերել այդ շղեղ դղյակները, որոնք Փաշինյանը անվանում էր կոռուպցիայի հուշարձաններ: Անցավ չորս տարի, սակայն Փաշինյանն ու թիմը, կարծես, մոռացել են այդ պաշտոնյաների դղյակների մասին ժամանակին հնչեցրախ մտքերը: Հովիկ Աբրահամյանի առանձնատունը, որի մասին թերևս ամենաշատն էր խոսվում, վերջերս վաճառվեց նորաթուխ օլիգարխներից մեկին: Վաճառքն էլ իր հերթին բավական մութ գործարքի է նմանվում, որի վրա, սակայն, Փաշինյանը, կարծես թե, ցանկանում է աչք փակել: Մինչդեռ ցանկում Աբրահամյանից զատ առկա էին նաև այլ դղյակատերեր:

Դիցուք՝ դրանցից մեկը գրանցված է Զարինե Դանիելյանի անունով, այն արժե 338,5 մլն դրամ: Զ․Դանիելյանը Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ և «Գազպրոմ-Արմենիա» ընկերության նախկին տնօրեն Վարդան Հարությունյանի կինն է:

Երևանի ամենթանկ տների տասնյակում է նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի եղբոր՝ Վլադիմիր Կարապետյանի անունով գրանցված առանձնատունը 330 մլն դրամ կադաստրային արժեքով:

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Ազգային ժողովի շենքի նմանությամբ կառուցված տունը, թվում է, այս ցանկում ամենաշքեղն է, բայց պարզվում է 8-րդ հորիզոնականում է;

Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության նախկին պետ Հովհաննես Հովհաննիսյանի առանձնատունը, որը գտնվում է Սարալանջի բարձունքին, ունի 297 մլն դրամ կադաստրային արժեք:

Գեներալ Հայկազ Բաղմանյանի առանձնատան կողքին, դեպի Բաբայան փողոց տեղակայված է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանի որդու՝ Արսեն Խաչատրյանի անունով գրանցված 0,7 հա հողակտորը։

Դղյակների սեփականատների շարքում են նաև ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը և կինը: Առանձնատնից բացի, ընտանիքն ունի նաև օժանդակ շինություն։ Պողոսյանի առանձնատունը երկու մուտք ունի՝ մեկը Բաբայան, մյուսը՝ Վահագն Դավթյան փողոցից։ Էթիկայի հանձնաժողովին Միհրան Պողոսյանի ներկայացրած հայտարարագրերից մեկում առանձնատան մասին նշում կա, մյուսում՝ ոչ: ԴԱՀԿ ծառայության պետի պաշտոնից ազատվելիս ներկայացրած հայտարարագրում Պողոսյանը նշում է կատարել անհատական բնակելի տան առկայության մասին, իսկ ԱԺ պատգամավոր ընտրվելիս չի նշել, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տուն ունի: 

Բաբայան փողոցի ճակատային հատվածում առանձնատուն ունի նաև ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Հովհաննես Սոֆոյանի որդին՝ Սերգե Սոֆոյանը։

Մամուլի տեղեկություններով` Ազատության պողոտայում առանձնատուն ունի նաև ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը:

Այս անձանց և նրանց դղյակների մասին Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, իսկապես մոռացել է: Իսկ կոռուպցիայի հուշարձանների սեփականատերերից շատերին այսօր էլ իշխանությունները լավ աչքով են նայում՝ պարբերաբար տարբեր արտոնություններ նրանց տրամադրելով: