Ապրիլի 13-ից Երևանում մեկնարկեցին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ընդդիմադիր ուժերի՝ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության «Իմ Քայլը», «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների և «Հանուն Հայաստան պետության ճակատի» հավաքները, քայլերթերն ու բողոքի այլ ակցիաներ: ՔՊ-ի «Իմ քայլը» նախաձեռնությունը պայքարն սկսել էր ավելի վաղ. կուսակցության անդամները և փոքրաթիվ համախոհներ 14-օրյա քայլարշավի էին դուրս եկել Հայաստանի տարբեր քաղաքներում և հեռավոր համայնքներում: Նրանք ապրիլի 13-ին հասան Երևանի հյուսիսային ավտոկայան: Բողոքի ոչ բռնի զանգվածային ակցիաների 11 օրը՝ ձերբակալություններից, ոստիկանության կողմից ուժի կիրառումից, երկխոսության բազմաթիվ կոչերից և ձախողված բանակցություններից հետո, Նիկոլ Փաշինյանի հայտարարած «թավշյա» հեղափոխության առաջին նպատակն իրագործվեց. ՀՀ նորանշական վարչապետ Սերժ Սարգսյանը, պաշտոնավարելով ընդամենը յոթ օր, հրաժարական տվեց:

Հեղափոխության 10 օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանի և հեղափոխական հարթակում կանգնածների կողմից հնչել են հայտարարություններ, պնդումներ և խոստումներ, որոնք չորս տարի անց կամ կեղծ են դուրս եկել, կամ պարզապես չեն կատարվել:

Իրականացվեց «Անտիսաշիկ» օպերացիա, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն ու իր աջակիցները փակում էին արագաչափ տեսախցիկները։ Փաշինյանը բազմիցս էր հայտարարել, որ արագաչափերի բիզնեսը Հայատանում պատկանում է Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին: Հեղափոխությունից հետո արագաչափերը մնացին, իսկ Սաշիկ Սարգսյանի առնչությունն այս բիզնեսին հերքվեց:




Նիկոլ Փաշինյանը ցուցարարների հետ ներխուժեց ԵՊՀ, որտեղ Փաշինյանը արեց հետևյալ հայտարարությունը՝ «Երկար տարիներ շարունակ Երեւանի պետական համալսարանը վեր է ածվել Հանրապետական, ընտրակաշառար, մաֆիոզ խմբավորման որջի եւ ԵՊՀ խորհրդի նախագահ հանդիսացող Սերժ Սարգսյանն այս ինստիտուստը, այս պետական եւ ազգային կառույցն օգտագործում է ՀՀ քաղաքացիներին, երեխաներին, պատանիներին, նոր կյանք մտնող ուսանողներին ստրկացնելու համար»: Չորս տարի անց ԵՊՀ-ում որևէ կոռուպցիոն մեխանիզմ չի բացահայտվել, իսկ ԵՊՀ քաղաքականացվածությունը այսօր հասել է իր գագաթնակետին, սակայն ՀՀԿ-ականների փոխարեն այլևս ՔՊ-ականներն են:

Նիկոլ Փաշինյանը հավաքված հազարավոր քաղաքացիների առջև հայտարարեց, որ կառավարության առաջին որոշումը կլինի Սերժ Սարգսյանի առանձնատունն ազգայնացնելը: Այդպիսի որոշում Փաշինյանի կառավարությունն այդպես էլ չկայացրեց, ավելին՝ 2 միլիոն դոլար ծախսվեց առանձնատան վերանորոգման համար:

Հեղափոխության օրերին Էդուարդ Աղաջանյանը Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայող Ռոբերտ Աբաջյանի լուսանկարը ձեռքին բարձրացել էր հեղափոխական հարթակ և խոսափող տվել մի ծերունու, ով որպես Ռոբերտ Աբաջյանի պապ հանրությանը պատմում էր իր «թոռան» մասին երազն ու գոտեպնդում մարդկանց՝ չվախենալ ոստիկաններից։ Այնուհետև պարզվել էր՝ տվյալ անձը Աբաջյանի ընտանիքի հետ որևէ առչնություն չուներ;

Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան փողոցում տեղի ունեցող երթի ընթացքում հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը Հայաստանը պետք է տեսնի փշալարերի հետեւից: Սա ենթադրում էր, որ երրորդ նախագահը պետք է պատասխանատվության կանչվի, այդ թվում՝ օրենքի առջև: Մինչ օրս Սերժ Սարգսյանի դեմ որևէ մեղադրանք առաջադրված չէ, բացառությամբ` հայտնի Սիլվայի գործի:

Նիկոլ Փաշինյանը հրապարակում հավաքված քաղաքացիների առջև խոստացավ, որ հեղափոխության հաղթանակից հետո վենդետա նախկին իշխանությունների նկատմամբ չի լինելու: Հեղափոխությունից անմիջապես հետո սկսեցին ասֆալտին փռելու հայտնի օպերացիաները, քրեական գործեր հարուցվեցին նախկին պաշտոնատար անձանց, օլիգարխների դեմ, սակայն կարճ անց դրանց մեծ մասը պարզապես ջրվեց:

Նիկոլ Փաշինյանը հրապարակավ խոստանում էր Արցախի հարցի լուծման ընթացքում որևէ գաղտնի քայլի չգնալ, լուծել այդ հարցը հենց հրապարակում՝ քննարկելով տարբերակները ժողովրդի հետ: Այն ինչ եղավ հետո՝ բոլորին  է հայտնի:

Ցուցարարների հետ հանրային ռադիոյի շենք ներխուժած Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ մեդիադաշտի մի հսկա զանգվածը դարձել է Սերժ Սարգսյանի ընտանիքի սեփականությունը, մեդիան գործում է իշխանությունների ազդեցության և ճնշման տակ: Այսօր ՔՊ-ական պատգամավորները մեկը մյուսի հետևից ընդունում են օրինագծեր, որոնք միտված են ԶԼՄ-ի աշխատանքների և անաչառ գործունեության սահմանափակմանը, միջազգային կառույցներն էլ իրենց հերթին զեկույցներում նշում են, որ դիցուք Հանրային հեռուստաընկերությունը զբաղվում է Փաշինյանի իշխանության քարոզով:

Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարել էր, որ Հայաստանում հեղափոխությունից հետո փոխվելու է ոստիկանի և քաղաքացիների հարաբերությունների էությունը: Հեղափոխությունից հետո միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպություններ իրենց զեկույցներում արձագանքել են Հայաստանում ծայր առած հետապնդումների, ռեպրեսիաների ալիքը: Պատերազմից հետո կազմակերպված բողոքի ակցիաները նույնպես ուղեկցվել են ոստիկանական ուժերի ահամաչափ գործողություններով:

Իջևանում կայացած ավտոերթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանում օրենքի առջև անառարկելիորեն հավասար են լինելու բոլորը: Չորս տարի անց, նայելով, թե ինչպես են Փաշինյանի յուրայինները բառացիորեն ջրից չոր դուրս գալիս տարատեսակ կոռուպցիոն սկանդալներից, կարող ենք փաստել, որ այս խոստումն էլ է գրվել սառույցին: