Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Պեսկովն ընդգծել է, որ տեղի ունեցողը Հայաստանի ներքին գործն է, սակայն Մոսկվան շահագրգռված է, որպեսզի իրավիճակը շուտափույթ կարգավորվի:

Նա ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է: «Հայաստանը մեր դաշնակիցն է. մեր գործընկերն է մեզ համար շատ կարևոր ինտեգրացիոն ձևաչափերում: Հայաստանը մեր մեծագույն բարեկամն է: Դրա համար մենք շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանում այս ժամանակահատվածը որքան հնարավոր է արագ վերջանա և երկրում լինի կայունության ժամանակահատված, որը թույլ կտա աստիճանաբար շարժվել Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ»,- ասել է Պեսկովը:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հավելել է, որ Հայաստանում կայունությունը նաև թույլ կտա առաջ շարժվել երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: