Իրանը Թուրքիայի կողմից ամբարտակների կառուցումն անընդունելի է համարում. դա խնդիրներ կառաջացնի Իրանի ժողովրդի եւ տարածաշրջանի համար։ Այս մասին Իրանի խորհրդարանում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ Թուրքիայի կողմից Տիգրիսի, Եփրատի եւ Արաքսի վրա ընդարձակ ամբարտակների կառուցման եւ դեպի Իրան ջրի հոսքի վրա դրա ազդեցության մասին հարցին ի պատասխան, գրում է Mehr-ը։

«Հաշվի առնելով տարածաշրջանում տիրող բնապահպանական պայմանները՝ մեզ համար անընդունելի է, որ մեր հարեւան երկիրը՝ Թուրքիան, ամբարտակաշինության ոլորտում այնպիսի միջոցներ ձեռնարկի, որոնք խնդիրներ կստեղծեն մեր բնակչության համար երկրում եւ տարածաշրջանում, ինչպես նաեւ բացասաբար կանդրադառնան ջրի ներհոսքի ծավալի վրա»,- ասել է նա։

«Վերջին ութ ամսվա ընթացքում հարցը բարձրացվել է առնվազն երեք անգամ՝ Նյու Յորքում Թուրքիայի արտգործնախարարի հետ երկու հանդիպումների, ինչպես նաեւ նրա հետ հեռախոսազրույցի ժամանակ,- հավելել է նա։

Նրա խոսքով, պետք է այնպես անել, որպեսզի Թուրքիայի կողմից ամբարտակների կառուցումը բացասաբար չանդրադառնա Իրանի ջրամատակարարման վրա։