Թալին խոշորացված համայնքում սեպտեմբերին նոր ՏԻՄ ընտրություններ են սպասվում: ՔՊ-ական Տավրոս Սափեյանին այդպես էլ չհաջողվեց հաղթել դեկտեմբերին տեղի ունեցած ընտրություններում, ինչի արդյունքում կաթվածահար վիճակում գտնվող ավագանու գործունեությունը ինչ-որ կերպ վերսկսելու միակ տարբերակը մնաց նոր ընտրություններ անցկացնելը:

Սակայն, ՔՊ-ականների գործը զգալիորեն բարդացել է, քանի որ նրանց այլևս չի օգնի դեկտեմբերին ՔՊ-ին բավական մեծ աջակցություն ցուցաբերած նախկին ՀՀԿ-ական մարզպետ Սարգիս Սահակյանը: Սահակյանը, ի դեպ, այսօր Երևանում ընդդիմադիրների հետ հանրահավաքների է մասնակցում, իսկ դեկտեմբերին ՔՊ-i կողքն էր կանգնել միայն այն բանի համար, որ ընտրություններում հաղթանակ չտանի իր վաղեմի հակառակորդ Մնացական Մնացականյանը: Այս հարցը հաջողությամբ լուծելուց հետո Սահակյանը, ինչպես տեսնում ենք, ձեռքերը ՔՊ-ից պարզապես լվացավ:

Տավրոս Սափեյանին էլ, ի դեպ, ՔՊ-ական անվանելը դժվար է: Նա «Հանրապետության» անդամ, ապա ՀԱԿ-ին անդամագրված ազատամարտիկներ Ժորա եւ Մկրտիչ Սափեյանների եղբորորդին է: Վերջիններս 2008թ. հունվարի 27-ին ՀՀ նախագահի թեկնածու, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Թալինում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի գործով դատապարտվել էին համապատասխանաբար' երկուսուկես եւ երկու տարվա ազատազրկման, նրանք ձերբակալվել էին ընտրությունների նախօրյակին։ Սափեյան եղբայրների ու նրանց եղբորորդի Տավրոս Սափեյանի անունները շոշափվեցին նաեւ 2019թ. նոյեմբերի 7-ին Քարակերտ գյուղի «Թալին» ՋՕԸ-ում տեղի ունեցած միջադեպի ժամանակ: Սափեյանն իր ողջ ռեսուրսները լարելով այդպես էլ չկարողացավ կորզել հաղթանակը ՔՊ-ի համար:

Ստացվում է բավական տխուր իրավիճակ՝ ՀՀԿ-ական նախկին մարզպետն ու ՀԱԿ անդամը պարզապես «քաշեցին» իշխող քաղաքական ուժին...