Խերսոնի շրջանի ղեկավարությունը մտադիր է դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ տարածաշրջանը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու խնդրանքով, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է տարածաշրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը։

«Ղրիմում բացարձակապես օրինական անցկացված հանրաքվեն չընդունվեց համաշխարհային հանրության կողմից, որն ամեն ինչ արեց, որպեսզի Ռուսաստանը չընկալվի՝ որպես համաշխարհային հանրության լիարժեք սուբյեկտ, հետևաբար, սա կլինի մեկ միասնական որոշում՝ հիմնված բողոքի վրա։ Խերսոնի մարզի ղեկավարության կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրանք կներկայացվի Խերսոնի շրջանը որպես Ռուսաստանի Դաշնության լիարժեք սուբյեկտ ընդունելու մասին»,- ասել է նա։

Ստրեմուսովն ասել է, որ Խերսոնի շրջանի իշխանությունները մինչև տարեվերջ կպատրաստեն Ռուսաստանին որպես սուբյեկտ միանալու օրենսդրական փաստաթուղթը։

«Մինչև տարեվերջ պետք է որոշում լինի, թե ինչպես ենք մենք գոյատևելու»,- ասել է նա։