ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը խոսել է այն պայմանների մասին, որոնց դեպքում Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել, և կանխատեսել Ուկրաինայում առաջիկա ամիսներին տիրող իրավիճակը, գրում է The Guardian-ը։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դժվար թե միջուկային զենք օգտագործի։ Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե նա իրադրությունն ընկալի՝ որպես էքզիստենցիալ սպառնալիք ռուսական պետության կամ ռեժիմի համար»,֊մայիսի 10-ին Կոնգրեսի լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանը «միջուկային հռետորաբանություն» է օգտագործում ԱՄՆ-ին և արևմտյան այլ երկրներին Ուկրաինային զենքի մատակարարումների ավելացումից հետ պահելու համար։

«Եթե Պուտինը կարծում է, որ ԱՄՆ-ն անտեսում է իր սպառնալիքները, նա կարող է փորձել ազդանշան ուղարկել Վաշինգտոնին՝ առաջարկելով ևս մեկ խոշոր միջուկային զորավարժություն», - առաջարկել է Հեյնսը։

Ազգային հետախուզության տնօրենը նաև ասել է, որ ԱՄՆ-ն դեռ չի տեսնում «կենսունակ բանակցային ուղի» ուկրաինական հակամարտությունը լուծելու համար,՝գոնե կարճաժամկետ հեռանկարում։ «Ե՛վ Մոսկվան, և՛ Կիևը կարծում են, որ կարող են շարունակել «առաջընթաց գրանցել» ռազմական ճանապարհով։

Առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում Ուկրաինայում զգալի մեծ մարտեր են սպասվում, և իրավիճակը կզարգանա՝ գնալով ավելի անկանխատեսելի և աճող հետագծով»,֊կանխատեսում է Հեյնսը:

Միջուկային զենքի կիրառման հնարավորությունը հստակ նշված է Ռուսաստանի ռազմական դոկտրինում, որը հաստատվել է ՌԴ նախագահի կողմից 2020 թվականի հունիսին։ Ըստ այդ փաստաթղթի՝ Ռուսաստանը կարող է օգտագործել իր միջուկային զենքը պետության գոյությանն ուղղակի սպառնալիքի դեպքում։ Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հիշեցրել է միջուկային զսպման սկզբունքները և երկրի համար զանգվածային ոչնչացման զենք կիրառելու պայմանները։