Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն հայտնել է, որ իր երկիրը ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ կներկայացնի «հաջորդ շաբաթվա կեսերին»:

«Եթե լինի խորհրդարանի որոշումը, ապա մենք դա կանենք հաջորդ շաբաթվա կեսերին։ Շվեդիան նույնպես դիտարկում է նույն ժամկետները»,- ասել է նախարարը ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնելու ժամկետների մասին ճապոնական NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Հաավիստոն ընդգծել է, որ Ֆինլանդիան «ուզում է խաղաղություն սահմանին՝ Ռուսաստանի հետ, սակայն իրենք պետք է պատրաստ լինեն նրան, որ ամեն ինչ կարող է պատահել։

«Ռուսաստանը կարևոր հարևան է Ֆինլանդիայի համար։ Մինչ այժմ Գորբաչովից և Ելցինից սկսած՝ մենք դրական հարաբերություններ ունեինք։ Սակայն Ուկրաինայում ռազմական գործողության և Եվրոպայում անվտանգության կառույցի խնդիրների հետ կապված՝ դրանք շատ են դժվարանում»,- ասել է նախարարը։

Նա կարծում է, որ անցումը, նախքան ՆԱՏՕ-ին միանալը, «իրոք վտանգավոր է» Սուոմիի համար, սակայն հաշվի առնելով Մեծ Բրիտանիայի և եվրոպական այլ երկրների աջակցությունը, քիչ հավանական է, որ «ինչ-որ շփոթություն լինի, թեև պետք է պատրաստ լինել այդ իրավիճակին»:

Մայիսի 12-ին Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն և վարչապետ Սաննա Մարինը հայտարարեցին, որ սատարում են ՆԱՏՕ-ին միանալու դիմում ներկայացնելու որոշմանը։ Մեկնաբանելով Ֆինլանդիայի ակնկալվող մուտքը ՆԱՏՕ՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ դա, իհարկե, սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը և կհանգեցնի անվտանգության ապահովման միջոցների մշակմանը։