Հունիսի 7-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26.8 կմ հատվածում, դեպի Երևան տանող ճանապարհին, Չայնիի ոլորաննեում, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 32-ամյա Սասուն Ղազարյանի վարած BMW X5 և 37-ամյա Գոռ Գևորգյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ բախման հետևանքով Ford-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 700 մետր մի քանի պտույտ շրջվելով ու բախվելով քարերին՝ հայտնվել է ձորում։ վթարի հետևանքով Գ. Գևորգյանը տեղում մահացել է։

Նրա դին ձորից մեծ դժվարությամբ դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր նախ ձոր են իջել ճոպաններով, ապա ճոպանների միջոցով պատգարակով դուրս են բերել դին։

Օպերատիվորեն ժամանել են բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են Գ. Գևորգյանի մահը և տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել Ս. Ղազարյանին։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ BMW X5-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննւթյան. նա եղել է սչ սթափ (խմած)։

Ըստ նախնական տեղեկության՝ դեպի Երևան ընթանալիս նա բախվել է Ford Transit-ին, որի պատճառով էլ վերջինիս վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, հայտնվել է ձորում։