Թուրքիան իրատեսական է համարում Ուկրաինայից հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցք ստեղծելու գաղափարը։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Անկարայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ֊ը։

«Մենք խոսում ենք մի մեխանիզմի մասին, որը կարող է ստեղծվել ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի միջև: Մենք իրատեսական ենք համարում այդ պլանը: Պետք է քննարկել նավերի անվտանգ երթևեկության միջոցները»,- ընդգծել է նա։

Նրա խոսքով՝ Անկարան պատրաստ է Ստամբուլում կազմակերպել Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի հանդիպում՝ ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման վերաբերյալ։

Նա նաև ասել է, որ Թուրքիան ողջամիտ է համարում ՄԱԿ-ի առաջարկը, որը վերաբերում է հացահատիկի արտահանման մեխանիզմին Ռուսաստանի Դաշնության մասնակցությանը։