Այսօր հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս որոշումը, որքան էլ որ սպասելի էր, ամեն դեպքում կար կասկած, որ Փաշինյանը կգնա նման քայլի և կզոհաբերի ՊԵԿ-ում իր՝ թերևս ամենամտերիմ պաշտոնյային և ՊԵԿ հնաբնակներից մեկին:

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ ՊԵԿ նախագահի պաշտոնը ստանձնեց Ռուստամ Բադասյանը: Նրա և Շուշանիկ Ներսիսյանի գլխավորած մաքսայինի թիմերը մեկը մյուսի հետ պատերազմական գործողությունների մեջ էին, ընդ որում՝ դա առանձնապես չթաքցնելով: Վերջին օրերին հարաբերությունները այն աստիճանի լարվեցին, որ Բադասյանը, ոչ ավել ոչ պակաս, հանցագործության մասին հաղորդում էր տվել Ներսիսյանի դեմ՝ հայտարարելով, որ նրա ղեկավարած մաքսային ոլորտում կոռուպցիոն սխեմաներ են աշխատում: Ներսիսյանի պատասխանը չուշացավ, մաքսային ոլորտում իրական սաբոտաժ էր, ոլորտի աշխատակիցներն էլ նամակ էին հղել Բադասյանին՝ վերջինիս մեղադրելով իրենց բարի համբավը արատավորելու մեջ: Արդյունքում՝ այս կոնֆլիկտին վերջ տալու նպատակով, Փաշինյանը որոշեց զոհաբերել Ներսիսյանին:

Բնական է, որ մաքսայինում, հատկապես օդային դարպասներով փոխադրվող ապրանքների մաքսազերծման հետ գործ ունենալը, այն էլ՝ փաստաթղթային վերահսկողության ֆրոնտում, համարվում է ամենայուղոտ պաշտոններից մեկը: Բացի այդ, կա նաև վերահսկող աչքի գործոնը. սահմանային անցակետերում սովորաբար ՊԵԿ ղեկավարությունն իր համար յուրային հսկողներ է ընտրում:

Մինչ օրս մաքսային ոլորտում եղանակ թելադրողը ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանն է, ով, ըստ մամուլի բազմաթիվ հրապարակումների, մաքսատներում աշխատանքի էր տեղավորում յուրայինների։ Վերջին օրերին մամուլում կրկին սկսել են շահարկել Շուշանիկ Ներսիսյանի անունը' կապված կոռուպցիոն սկանդալների հետ, որոնցից վերջինս, ըստ մամուլի, պլստացել է։ Իր հերթին, մեկ ամիս է, ինչ ԱԱԾ-ն ակտիվորեն հրապարակում է տեղեկություններ' կապված ՊԵԿ-ում տարբեր կալիբրի պաշտոնյաների ձերբակալման հետ: Որպես կանոն' նրանք բոլորը մեղադրվում են կաշառք պահանջելու և ստանալու մեջ:

Եթե Շուշանիկ Ներսիսյանի էպոպեան ավարտվի միայն աշխատանքից ազատվելով և քրեական գործ չհարուցվի, ապա պարզ կդառնա, որ Փաշինյանը այսպիսով ոչ թե պատժում է, այլ փրկում է իր մտերիմ պաշտոնյային: Չի բացառվում, որ որոշ ժամանակ անց Ներսիսյանը նույնիսկ մեկ այլ, ոչ պակաս յուղոտ պաշտոն ստանա: Իսկ եթե, այնուամենայնիվ, հարուցվի քրեական գործ, այս դեպքում էլ չի բացառվում, որ Փաշինյանը որոշել է զոհաբերել Ներսիսյանին՝ նրա գլխին ջարդելով վերը նշված բոլոր մեղադրանքները և այդպիսով մաքրելով՝ արդեն շատ ավելի բարձր էշելոնի պաշտոնյաների, որոնց մասին հանցագործության մասին հաղորդումներում նույնպես ակնարկվում էր....

պես ակնարկվում էր....