Նիկոլ Փաշինյանը, ով «Թավշյա» հեղափոխության առաջնորդն էր, հակաօլիգարխիկ պայքարի առաջամարտիկը և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու ջատագովը, ամիսներ առաջ որոշում է կայացրել  Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել Վահագն Արսենյանին։ Այնուհետև արդեն հեղափոխված Արսենյանը ՔՊ քաղաքապետի թեկնածուն էր և, իհարկե, կարողացավ ընտրվել և ապահովել ՔՊ-ի համար այդ բաղձալի պաշտոնը:

Դեռ հոկտեմբերին Արսենյանը խոստանում էր Ջերմուկը դարձնել զբոսաշրջային կենտրոն, ստեղծել նոր աշխատատեղեր և ենթակառուցվածքներ։ Անցել է երեք ամիս, սակայն որևէ գրանցված արդյունք այս խոստումների մասով դեռևս չի նկատվում։ Փոխարենը` Արսենյանը շատ սահուն առաջ է տանում ՔՊ ծրագրերը, ի վերջո հենց ՔՊ ցուցակով էլ վերջինս քաղաքապետ է ընտրվել։ Օրինակ` Արսենյանը և Ջերմուկի ավագանին այլևս որևէ խոչընդոտ չեն ստեղծում կառավարության համար` Ամուլսարի հանքի շահագործումը վերսկսելու մասով։ Թե ինչպես է հանքի վերաբացումը նպաստելու Ջերմուկի` զբոսաշրջային կենտրոնի վերածվելուն` դժվար է ասել, համենայնդեպս հանքերի շահագործման խոստում Արսենյանը չէր տվել։ Գաղտնիք չէ, որ մինչ այս ընտրությունները, թե՛ ՔՊ-ն, թե՛ ինքը՝ Վահագն Արսենյանը, պնդում էին, որ Ջերմուկում առաջնայինը բնապահպանական խնդիրներն են, և իրենք թույլ չեն տալու, որպեսզի բնության և զբոսաշրջային գրավչության հաշվին խոշոր հանքաարդյունաբերությունը միլիարդներ վաստակի: 

Ինչ վերաբերվում է ենթակառուցվածքներին, ապա այստեղ իսկապես գրանցվել է որոշակի շարժ։ Սակայն, պետք է հասկանալ, թե ով է այդ իրավիճակում ամենամեծ շահողը և շահառուն, քանի որ շինարարական աշխատանքները իրականացնում է հենց Արսենյանի ընտանիքին պատկանող «Ջերմուկ Գրուպ»-ը` իր ֆինանսական միջոցներով։ Դիցուք` Ջերմուկում կկառուցվի նոր բնակելի թաղամաս՝ բաղկացած մոտ 300 բնակարանից։ Ծրագրի նախագիծը արդեն կա, իսկ կառուցապատման աշխատանքների մեկնարկը կտրվի 2022 թվականի մայիս ամսից։ Ծրագիրը իրականացվում է «Ջերմուկ Գրուպ» ընկերության կողմից։

Մեկ այլ նախընտրական խոստում էլ վերաբերվում էր «Ջերմուկ Գրուպ» ընկերության կողմից գնված Ջերմուկի «Գլաձոր» առողջարանը վերաբացելուն, սակայն, ինչպես երևում է, այս ուղղությամբ աշխատանքները նույնիսկ չեն էլ մեկնարկել:

Նախընտրական խոստումների թվին էին դասվում նաև աշխատեղերի ստեղծումը և գործազրկության հաղթահարումը, որը ավանդաբար բավական բարձր ցուցանիշներ է արձանագրում Վայոց Ձորի մարզում: Չնայած խոստումներին, այնուամենայնիվ, գործազրկությունը Ջերմուկում շարունակում է աճել, մինչդեռ այս քաղաքը ունի անսպառ տուրիստական ներուժ և հետևաբար նաև հնարավորություններ նոր աշխատատեղեր ստեղծելու մասով:

Ինչպես տեսնում ենք՝ դեկտեմբերից այս կողմ Վահագն Արսենյանը չի կատարել և ոչ մի նախընտրական խոստում՝ դա լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում` կատարել է իր տված խոստումներին տրամագծորեն հակառակ քայլեր...